Նարեկ Գալստյան. ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության բանակցությունների միակ ձևաչափն է
Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները հերթական անգամ հաստատեցին այն իրողությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների միակ ձևաչափն է: Անդրադառնալով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների նախօրեին Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև ընդունված համատեղ հայտարարությանը, այսօր լրագրողներին ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը:
«Հանդիպման արդյունքները, ինչպես նաև ընդունված համատեղ հայտարարությունը հաստատում են այն իրողությունը, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի, ընդ որում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Սա, կարծում եմ կարևոր հաղորդագրության էր`ուղղված հատկապես Ադրբեջանական կողմին, որը բազմիցս իր դժգոհության է հայտնել Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ»,-նշեց Նարեկ Գալստյանը` հավելելով, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ծավալվող զարգացումները պարզորոշ ցույց են տալիս այն իրողությունը, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խումբը այլընտրանք չունի:
Նարեկ Գալստյանի համոզմամբ, մյուս կարևոր իրողությունը, որը ի հայտ եկավ կայացած հանդիպման արդյունքում, դա հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ դերի էլ ավելի ամրապնդումն է:
«ՌԴ-ն շարունակում է հանդես գալ որպես խաղաղության և ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր երաշխավոր: Այս տեսանկյունից, իմ կարծիքով, կարևոր է համատեղ հայտարարության մեջ զետեղված՝ սահմանային միջադեպերի, զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի կանխարգելման և հետաքննության վերաբերյալ դրույթը»,- նշեց Ն. Գալստյանը:
Սակայն, ըստ Նարեկ Գալստյանի, չարժե մեծ հույսեր կապել սույն պայմանավորվածության հետ:
«Նախկինում ևս ձեռք են բերվերվել նմանատիպ պայմանավորվածություններ, սակայն Ադրբեջանի սադրիչ և ոչ ադեկվատ գործողությունների պատճառով դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվել»,- նշեց Ն. Գալստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում