Էրդողանն իր կուսակիցների հետ քննարկել է Ֆրանսիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները
Հունվարի 23-ին Ֆրանսիայի սենատում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի քննարկմանը զուգահեռ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» կենտրոնակայանում ղեկավար խորհրդի ժողով է հրավիրել:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) պարբերականի տեղեկատվության`ժողովի ընթացքում Էրդողանը, հայտարարել է, որ, եթե Սարկոզին վերընտրվի նախագահի պաշտոնում, ապա հնարավոր է ինքն այլևս Ֆրանսիա չայցելի: Ժողովի մասնակիցները կարծիք են հայտնել այն մասին, որ Ֆրանսիային պետք է կտրուկ պատասխան տալ, ինչպես նաև սենատի որոշմանը հակադարձելու համար պետք է փնտրել միջազգային բոլոր իրավական ճանապարհները:
Աղբյուրի համաձայն` ժողովի ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի դեմ կիրառվելիք հետևյալ հնարավոր պատժամիջոցները.
-Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի հետկանչն ավելի երկարաժամկետ դարձնել:
-Դիվանագիտական հարաբերություններն իջեցնել ամենացածր մակարդակի, ինչպես դա արվեց Իսրայելի դեպքում:
-Առևտրաշրջանառությունից հանել Ֆրանսիական ապրանքները:
-Ֆրանսիայում Թուրքիայի կցորդին (ատաշե) հետ կանչել, իսկ Անկարայում Ֆրանսիայի կցորդի հավատարմագիրը չեղյալ հայտարարել:
-Թուրքիայի օդային տարածքը փակել ֆրանսիական ռազմական օդանավերի առջև:
-Թուրքիայի ջրային տարածքը փակել ֆրանսիական ռազմանավերի առջև:
-Պատժամիջոցները պետք է լինեն տևական, ոչ թե ժամանակավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները