Հույն ռեժիսոր Անգելոպուլոսը դժբախտ պատահարի զոհ է դարձել
Հայտնի հույն կինոռեժիսոր Թեո Անգելոպուլոսն է դժբախտ պատահարի հետևանքով մահացել. Կերացինի կոչվող արվարձանում մոտոցիկլավարը խփել է կինոռեժիսորին, որն Աթենքի հիվանդանոցում մահացել է: Այդ մասին տեղեկացրել են Հունաստանի իրավապահ մարմինները, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Անգելոպուլոսը փողոցն անցնելիս է եղել: Նա Կերացինիում ներկա է գտնվել «Ուրիշ ծովը» ֆիլմին կարահանումներին մասնակցելու համար: Ըստ աղբյուրի, մոտոցիկլավարը նույնպես վնասվածքներ է ստացել:
Շտապօգնության ծառայությունը կանչից հետո դեպքի վայր ժամանել է 45 րոպե հետո միայն: Նկարահանող խմբի անդամները ստիպված են եղել անձամբ զանգել Հունաստանի առողջապահության նախարար Անդրեաս Լովերդոսին, որպեսզի վերջինը հրահանգի կինոռեժիսորին անմիջապես տեղափոխեն հիվանդանոց:
Հայ հանդիսատեսին Անգելոպուլոսը առավել հայտնի է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնից, որի շրջանակներում նա ժամանել էր Հայաստան և ավելին, վարպետության դաս տվել հայ մասնագետների համար:
Թեոդորոս (Թեո) Անգելոպուլոսը ծնվել է 1935, Աթենքում: Աթենքի համալսարանում իրավագիտություն է ուսանել: Զինվորական ծառայությունից հետո մեկնել է Փարիզ` Սորբոնի համալսարանում սովորելու, իսկ հետո ընդունվել է IDHEC ֆրանսիական հեղինակավոր կինոդպրոցը: Որոշ ժամանակ աշխատել է Մարդու թանգարանում` ազգագրագետ և cinema verite-ի ռահվիրա Ժան Ռուշի հովանու տակ: 1964-ին վերադարձել է Աթենք և մինչև 1967-ը` «Ժողովրդավարական փոփոխություն» ձախ թերթի կինոքննադատը եղել: Սկսել է ֆիլմեր նկարահանել 1965-ից: «Ֆորմինքսի պատմությունը» լիամետրաժ խաղարկային ֆիլմն անավարտ է մնացել պրոդյուսերների հետ ծագած տարաձայնության պատճառով: Այնուհետև նկարահանել է "Ռադիոհաղորդում" կարճամետրաժը, իսկ 1970-ին` իր առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքը` «Վերականգնումը»: Այդ ժամանակից ի վեր Անգելոպուլոսի ֆիլմերը մասնակցել են անհաշիվ միջազգային կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների` հաստատելով ժամանակակից կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի նրա վարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները