Բանակի նշանակության վերաբերյալ պետք է հնչեն ճիշտ գնահատականներ, այլ ոչ թե րոպեական. Սեյրան Օհանյան
«Հայկական բանակը պետք չէ նայել ներքաղաքական զարգացումների, կուսակցություների միջև բախումների և հասարակությունում առկա խմորումների լույսի ներքո: Այն զգայուն համակարգ է»,- այսօր ԵՊՀ-ում բանակի 20 ամյակին նվիրված տոնական գիտաժողովի բացմանը հայտարարեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նախարարի, պետք է հնչեն ճիշտ գնահատականներ բանակի նշանակության վերաբերյալ, այլ ոչ թե րոպեական և քաղաքական տվյալ պահով պայմանավորված:
Սեյրան Օհանյանը կարևորեց բանակի և հասարակության միջև կապը՝ շեշտելով, որ այստեղ մեծ դերակատարություն ունեն հայաստանյան բուհերը: Ըստ Պաշտպանության նախարարի՝ 20-ամյա գոյությա ընթացքում հայակական բանակին հաջողվեց ոչ միայն գրեթե զրոյից բարձրացնել ռազմաարդյունաբերական համակարգը, այլև պատշաճ մակարդակաով հանդես գալ միջազգային կառույցներում և համագործակցել գերտերությունների հետ:
Նա մատնանշեց նաև, որ բանակին հարկավոր է գիտական մոտեցում, քանի որ հայկական զինված ուժերի շրջանակներում բանակի համար կատարվում են կարևորագույն գիտական և արդյունաբերական հետազոտություններ և աշխատանքներ, բնականաբար, կապը բուհերի և ԶՈւ միջև պետք է էլ ավելի խորանա և ամրապնդվի:
Արամ Սիմոնյանն իր խոսքում ևս կարևորեց հայկական բանակ-ՀՀ բուհեր կապը՝ շեշտելով, որ ԵՊՀ-ի համար դա առանձնակի նշանակություն ունի:
«Հայաստանի գերագույն հրամանատարը՝ երկրի նախագահը, նաև ԵՊՀ խորհրդի նախագահն է, այդ հանգամանքը մեզ համար խիստ պարտավորեցնող է»,- ասաց ռեկտորը ՝ ընդգծելով, որ համալսարանականները միշտ նեցուկ են եղել բանակաշինությանը: