Բենուա Շին. «Orange-ը Հայաստանում ունի նույն դեմքն ու ձեռագիրը, ինչ մյուս եվրոպական երկրներում»
Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինը, որն առաջին անգամ է Հայաստանում և ժամանել է ծանոթանալու Orange Արմենիայի աշխատակիցների և ընկերության 2011թ.-ի արդյունքների հետ, ինչպես նաև քննարկելու 2012 թվականի նպատակներն ու պլանները, այսօր հանդիպեց լրագրողների հետ:
«Երջանիկ եմ լինել Հայաստանում, որը Ֆրանս Տելեկոմի ներկայության ամենաարևելյան երկիրն է և ունի փոքր, սակայն շատ դինամիկ շուկա: Ուրախ եմ տեսնել, որ Orange-ը Հայաստանում ունի նույն դեմքն ու ձեռագիրը, ինչ մյուս եվրոպական երկրներում և աշխատանքում հիմնվում է եվրոպական արժեքների վրա, Orange-ի արժեքների վրա: Հայաստանը շատ կարևոր երկիր է Orange-ի աշխարհագրությունում»,- ասաց Բենուա Շինը:
Նրա խոսքերով՝ Հայաստան գալով Orange-ը իր առջև նպատակ է դրել ներկայացնել նորարար ծառայություններ, լինել նորարար ընկերություն: «Կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է, իսկ դրա վառ ապացույցը երեկ Հայաստանում մինչև 42Մբ/վ արագություն ապահովող ցանցի մեկնարկն էր, ինչը տեխնոլոգիական մեծ քայլ է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև Orange-ի ողջ աշխարհագրությունում»,- ասաց Բ.Շինը:
Ըստ նրա՝ Հայաստանում 3 տարվա գործունեության ընթացքում Orange-ը իրականացրել է մոտ 250 մլն եվրոյի կապիտալ ներդրում, որից 186 մլն-ը ուղիղ ներդրումներն են: Նշվեց նաև, որ այսօր ընկերությունում աշխատատեղերի քանակը հասնում է 1000-ի: « Այս մոտեցումը շարունակվելու է նաև առաջիկա տարիներին, Orange-ը շարոնակելու է լինել նորարար, նվիրված Ձեր երկրին և լինել Հայաստանի տնտեսության կարևոր դերակատարներից մեկը»,- ասաց Բ.Շինը՝ հավելելով, որ ընկերությունը շարունակելու է աշխատանքը հատկապես սպասարկման և բաժանորդների նկատմամբ հոգատարության ուղղությամբ, ինչպես նաև ներդնելու է նոր ծառայություններ` խրախուսելով մուլտիմեդիայի և շարժական ինտերնետի օգտագործումը:
Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի փոխնախագահի խոսքերով՝ բոլոր երկրներում ընկերության մոտեցումը մեկն է՝ բոլորի համար, հատկապես տվյալ երկրի շուկայի բաժանորդների համար՝ ունենալ լավագույն առաջարկները:
Հարցին, թե այս տարի Orange ընկերությունը ինչ նոր առաջակներով կներկայանա, Բենուա Շինը կես կատակ, կես լուրջ պատասխանեց, որ դա գաղտնիք է, քանի որ Հայաստանում ունեն կարևոր մրցակիցներ, ուստի պետք է զգույշ լինեն և գաղտնիքները չբացահայտեն. «Հակառակ դեպքում, նրանք շատ արագ կարձագանքեն մեր առաջարկներին: Սակայն վստահեցնում եմ, որ 2012-ին Orange-ը շարունակելու է իր ներդրումային և ինովացիոն քաղաքականությունը»:
Բենուա Շինը հայտարարեց, որ Հայաստանում Orange-ի գործուենության հաջողությունը կապված է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ: Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի փոխնախագահի խոսքերով՝ Հայաստանը առաջին երկիրը չէ, որտեղ Դյութուան նոր օպերատոր է մեկնարկում: «Նա մի քանի անգամ զրոյից ստեղծել է ձեռնարկություն և Ֆրանս Տելեկոմ-ի ամենալուրջ փորձագետներից է: Դյութուայի գիտելիքների, աշխատանքի և փորձառության շնորհիվ այսօր մենք ունենք այս արդյունքները»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին