Ադրբեջանը ևս հաստատել է զինծառայողի շփման գիծը հատելու փաստը
Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ հունվարի 23-ին ժամը 15.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն:
Սույն տեղեկատվության առնչությամբ, ադրբեջանական «Day.az» լրատվական կայքը զրուցել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովի հետ, ով հաստատել է փաստը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ նշյալ պայմանագրային զինծառայողը ծառայության մեջ է գտնվել Ադրբեջանի Թարթառի շրջանում տեղակայված զորամասերից մեկում:
Տեղեկությունը մինչ այդ հաստատել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: