Ն.Զոհրաբյան. «Չպետք է լինեն արտոնյալ երկրներ, որոնք կարող են «ժողովրդավարություն» գնել նավթով կամ մեկ այլ արտարժույթով»
Քիչ առաջ ԵԽԽՎ-ում ավարտվեց Բելառուսին նվիրված զեկույցի քննարկումը, որն անցավ բավականին բուռն ու թեժ մթնոլորտում: Այս մասին Panorama.am-ին Ստրասբուրգից հաղորդեց հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որը զեկույցից հետո նաև ելույթ է ունեցել:
Իր ելույթումպատգամավորը նկատել է, որ վեհաժողովի աշխատանքների ընթացքում Բելառուսին անդրադառնալը, կարծես, պարտադիր ավանդույթ է դարձել, թեև այն, որ այդ երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված բազում խնդիրներ կան որևէ մեկը չի վիճարկում: Շեշտել է նաև, որ ամեն անգամ, երբ վեհաժողովում սկսում են անսահման ջանադրությամբ քննարկել Բելառուսին, գոնե ինքը վերստին անգամ համոզվում է, որ երկակի ստանդարտները, ցավոք, սկսում են գերակա դառնալ ԵԽԽՎ-ում.
«Երբ թե զեկույցի հեղինակը, թե այստեղ ելույթ ունեցողները մատնանշում են Բելառուսում տիրող իրավիճակը քաղաքական ազատությունների, մամուլի ազատության, երթերի և ցույցերի ազատության հետ կապված, ես ուզում եմ վերհիշել` արդյո՞ք մեր վեհաժողովում եղել են նման բուռն քննարկումներ, օրինակ, կապված Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ, որտեղ քաղաքական ազատությունների, մարդու իրավունքի կամ մամուլի ազատության մասին խոսելը հավասազոր է զավեշտի: Ադրբեջանը համառորեն հրաժարվում էր քաղբանտարկյալների հարցերով դիտորդին թույլ տալ մուտք գործել իր երկիր, բայց ես ոչ մի կերպ չեմ մտաբերում, որ այդ խայտառակության հետ կապված մենք որևէ գործուն քայլ արած լինենք: Դեկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ, իսկ ընդամենը վերջերս Թուրքիայի արտոնագրման պետական վարչությունը գրանցել է «Սարկոզի» անվանումով զուգարանի թուղթ և երեխայի տակդիր: Իսկ թե պետական նույն այդ կազմակերպությունն ի՞նչ է գրանցել նախագծի հեղինակ Վալերի Բուայեի անունով, ես անգամ անհարմար եմ զգում բարձրաձայնել: Սակայն այս ամբիոնից նման ջանադիր քննադատություն երբևէ չի հնչել ԵԽ անդամ և ԵՄ անդամության հավակնություն ունեցող երկրի հասցեին, որտեղ տիրում են միջնադարյան բարքեր և կարգեր»,- մասնավորապես հայտարարել է Ն.Զոհրաբյանը:
Համաձայնելով, որ եթե Բելառուսն իսկապես ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, ապա այդ երկիրը պետք է լուծի լրջագույն խնդիրներ քաղաքական ազատությունների, մահապատժի, մարդու իրավունքների հետ կապված, Ն.Զոհրաբյանն անդրադարձել է նաև զեկույցում առկա հորդորին` ուժի մեջ պահել այդ երկրի հանդեպ գործող սանկցիաները: Բայց չէ որ, հիշեցրել է ՀՀ ԱԺ պատգամավորը, ցանկացած սանկցիա բումերանգի էֆեկտ ունի, և ցանկացած սանկցիա միշտ աշխատում է ժողովրդի դեմ.
«Մենք կոչ ենք անում խորացնել կապը Բելառուսի ժողովրդի հետ, սակայն համառորեն դիմադրում ենք, որ նույն այդ երկիրը լիարժեք մասնակցություն ունենա Արևելյան գործընկերությանը, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը ժողովուրդների միջև շփումներն են»,- ասել է նա ու հավելել,-«Հույս ունեմ, որ Բելառուսի իշխանությունները թույլ կտան ԵԱՀԿ առաքելությանը վերադառնալ և վերստանձնել իր գործողությունները երկրում, ինչպես նաև լիարժեքորեն կհամագործակցեն մարդու իրավունքների բոլոր միջազգային կազմակերպությունների հետ: Ինչ վերաբերում է 2012թ.ի խորհրդարանական ընտրություններին, ապա իրապես անհրաժեշտ է, որ Բելառուսը շարունակի բարեփոխումների գործընթացը ընտրական օրենսդրության ոլորտում և անպայման հրավիրի միջազգային դիտորդներ ԵԱՀԿ և այլ խորհրդարանական կազմակերպություններից, այդ թվում վեհաժողովից`վերահսկելու ընտրություններն ու նախընտրական արշավը»:
Իսկ ինչ մնում է Ն.Զոհրաբյանի բարձրաձայնած երկակի ստանդարտներին, ապա վեհաժողովում Հայաստանի պատվիրակը հույս է հայտնել, որ դրանք երբևէ չպետք է տեղ ունենան ԵԽԽՎ-ում և չպետք է լինեն արտոնյալ երկրներ, որոնք կարող են «ժողովրդավարություն» գնել նավթով կամ մեկ այլ արտարժույթով:
Նշենք, որ նախքան զեկույցի լիագումար նիստում ներկայացվելը, այն քննարկվել է կառույցի քաղաքական հարցերով հանձնաժողովում, որտեղ ևս հնչել է Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառման մասին ` ընդհուպ նախագահ Լուկաշենկոյին Հաագայի դատարանի առջև կանգնեցնելու առաջարկը, որ հնչեցրել է եվրոպացի պատգամավորներից մեկը:
Ի դեպ, այս պահին վեհաժողովի շենքի դիմաց պիկետ է ընթանում ընդդեմ Լուկաշենկոյի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում