Իրանական կայք. Ադրբեջանցի փորձագետն ու անվտանգության նախկին սպան չի վստահում իր երկրի դատական համակարգին
Ադրբեջանցի փորձագետն ու նախկին սպան չի վստահում իր երկրի դատական համակարգին:
Հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը` հղում կատարելով ադրբեջանական «Ենի Մուսավաթ» օրաթերթին:
Համաձայն տեղեկատվության` Ադրբեջանի անվտանգության ծառայության նախկին սպա, քաղաքական հարցերով փորձագետ Արասթու Օրուջլուն, անդրադառնալով օրերս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից ձերբակալված անձանց Իրանի հետ կապ ունենալու ադրբեջանական կողմի պնդումներին, նշել է. «Հեռուստատեսությամբ որպես ահաբեկիչներ ներկայացված անձինք պրոֆեսիոնալ ահաբեկչների տեսք չունեին, այդ ձերբակալված անձինք որևէ կապ չեն ունեցել Իրանի հետ»:
«Որոշ փորձագետներ նշում են, որ անհրաժեշտ է սպասել դատարանի վերջնական վճռին, սակայն ես ասում եմ, որ Ադրբեջանի դատական համակարգին չի կարելի վստահել»,-նշել է ադրբեջանցի փորձագետը:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, արձագանքելով Ադրբեջանի` Իրանին ուղղված մեղադրանքներին, գրել էր. «Ադրբեջանն առանց հիմնավորման Իրանին մեղադրում է ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Ադրբեջանական «Ազ ԹիՎի» հեռուստաալիքը մի տեսանյութ է հեռարձակել, որտեղ մի քանի ձերբակալված անձինք խոստովանել են, որ Իրանի հետախուզական ծառայության կողմից վերջիններիս հրահանգ է տրվել Ադրբեջանում գործող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հավաքել և ահաբեկչություն իրականացնել»: