Աննախադեպ երևույթ մեր կրթության պատմության մեջ. Այս տարի Հայաստանը դառնալու է Բոլոնիայի գործընթացի մայրաքաղաք
Այս տարի Հայաստանը դառնալու է Բոլոնիայի գործընթացի մայրաքաղաք: Այսօր մինչև կառավարության նիստի սկսելը ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանը կրթության և գիտության նախարարից հետաքրքրվեց, թե դա իրենից ինչ է ներկայացնում և ինչ պարտականություններ է ստանձնելու կառավարությունը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ դա նշանակում է` Երևանը դառնում է 9-րդ քաղաքը, որին վստահվելու է Բոլոնիայի գործընթացի կազմակերպման ողջ պատասխանատությունը գալիք 3 տարիների համար:
«ԱՊՀ երկրներից և տարածաշրջանից առաջինն ենք, որին դա վստահվելու է, և երկրորդը` Արևելյան Եվրոպայում»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նախարարի խոսքերով` քարտուղարության ազգային թիմը ձևավորվելու է հունիսից և մինչև 2015թ-ի հունիսը Հայաստանը ստանձնելու է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի բարեփոխումների համակարգման ողջ պատասխանատվությունը: Նա նաև հայտնեց, որ գալիք գագաթաժողովը անցկացվելու է Բոխարեստում, որտեղ էլ և Հայաստանը կստանձնի պարտավորությունները:
Նշվեց, որ ՀՀ կառավարության կողմից համապատասխան աջակություն արդեն ցուցաբերվել է, իսկ գալիք 3 տարիների համար ֆինանսական խնդիրների լուծման նպատակով ԵՄ-ն խոստացել է դրամաշնորհ տրամադրել, որը, ըստ Աշոտյանի, էապես կթեթևացնի ֆինանսական բեռը: Նախարարը հայտնեց նաև, որ մասնավոր հատվածի հետ արդեն որոշակի բանակցություններ են վարել, և նրանք նույնպես պատրաստ են ներդրումներ կատարել: Բացի դրանից բուհական համակարգից նույնպես ֆինանսական աջակցություն կլինի:
Ա.Աշոտյանի խոսքերով` Հայաստանի ընտրությունը որպես եվրոպական բարձագույն կրթության տարածքի մայրաքաղաք` դիտարկվում է որպես մեր կրթական համակարգի նկատմամբ վստահություն, կատարված բարեփոխումների համապատասխանության գնահատում և կազմակերպական ունակությունների մեջ Հայաստանի հնարավորությունների և ներուժի ճանաչում:
«Միջազգայնացման տեսակետից սա աննախադեպ երևույթ է մեր կրթության պատմության մեջ»,- մեկ անգամ ևս ընդգծեց նախարարը:
Վարչապետը հետաքրքրվեց, թե մոտավոր որքան գումար դրա համար կպահանջվի, Ա.Աշոտյանը նշեց, որ օրինակ` Ռումինիան երկու տարվա համար ծախսել է 700 հազար եվրո, բայց քանի որ Հայաստանը այս գործընթացը ղեկավարելու է 3 տարի, ապա մեկ երրորդով ծախսերը կավելանան: Մոտավոր հաշվարկներով, ըստ նախարարի, կպահանջվի մոտ 1 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին