Համամասնական ընտրությունների դեպքում ընդդիմության վստահության քվեն կարող է 0% կազմել
Անդրադառնալով ընդդիմադիր կուսակցությունների կողմից 100%-անոց համամասնական ընտրակարգ ներմուծելու վերաբերյալ ծավալած ակտիվ քննարկումներին` «Голос Армении»-ն նկատում է, որ սոցիալ-տնտեսական խնդիրներից կքած բնակչությունը բացարձակապես անտարբեր է ընտրակարգի շուրջ ծավալված կրքերի հանդեպ, քանի որ քաղաքացիների համար պարզ է, որ ընդդիմադիր կուսակցություններն այս հարցում իրենց նեղ անձնական շահերն են հետապնդում:
Մյուս կողմից թերթը նշում է, որ այս բանավեճերն իրականում կեղծ են, քանի որ 100%-անոց համամասնական ընտրակարգը ձեռնտու չէ առաջին հերթին հենց խորհրդարանական ընդդիմությանը, և դրա վառ ապացույցը մայրաքաղաքի ավագանու ընտրություններն էին, որոնք կայացան 100%-անոց համամասնական համակարգով, և որոնց արդյունքում ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» 0% ձայն հավաքեցին:
Ինչպես նկատում է թերթը` քաղաքական պոպուլիզմից զերծ չմնացին նաև կոալիցիայի անդամ կուսակցությունները: Մասնավորապես ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը կարծում է, թե 100%-անոց համամասնական ընտրակարգն ավելի նպատակահարմար է: «ԲՀԿ-ն 100%-անոց համամասնական ընտրահամակարգի ներմուծման համար, լինելով խորհրդարանում, 4 տարվա ընթացքում ոչինչ չարեց, ավելին, երբ քննարկման էր դրված նոր ընտրական օրենսգիրքը, ԲՀԿ պատգամավորները լռելյայն կողմ քվեարկեցին:
Ինչպե՞ս եղավ, որ ԲՀԿ-ն հանկարծ ակտիվացավ այն ժամանակ, երբ ՀՀ նախագահի կուսակցությունը հայտարարեց, թե չի պատրաստվում իր նախընտրական ցուցակում ներառել բիզնես-էլիտայի ներկայացուցիչներին»,- գրում է թերթը, և հավելում, որ ոչ մի իրեն հարգող իշխանություն ընտրություններից առաջ չի դիմի ողջ ընտրահամակարգը փոխելու ավանտյուրային: