Հնագետ. Թեղուտի պոչամբարի կառուցման դեպքում կվերանա Խառատանոցի հնագույն բնակավայրը
Թեղուտի տարածքում` շուրջ 1500 հեկտար, հնագիտական բազմաթիվ հուշարձաններ կան: Հուշարձանները վտանգված են: Բացի այդ, դրանք ՀՀ ամենաբարեբեր հողերն են: Այս մասին ասուլիսում ասաց ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը: Նա նշեց, որ հստակ չի կարող ասել, թե այդ տարածքում ինչքան հուշարձան կա, քանի որ հուշարձաններն արտաքին նշաններ չունեն ու պեղումների, շրջակայքի բնակիչների հետ խոսակցությունների արդյունքում են հայտնաբերում:
Վերջին երեք տարիների ընթացքում ուսումնասիրվել է 9 տեղամաս (ընդհանուրը 12 է), հայտնաբերվել են տասնյակ հուշարձաններ: Տարածքում հայտնաբերվել է մեզանից շուրջ հինգ հազար տարվա վաղեմություն ունեցող երեք հուշարձան, որոնք պատմության համար կարևոր նշանակություն ունեն:
Դուքանաձորի տարածքում, որը հենց հանքի տարածքն է, պեղվել է միջնադարյան ձուլարան: Տարածքից հայտնաբերվել է խաղողի հնձան, միջնադարյան 40 դամբարան: Ձորի գետ տեղամասում և Խառատանոցում արվել են տարածքի ամենակարևոր հայտնագործությունները` վաղ բրոնզե դարաշրջանով թվագրվող բնակավայրեր: Խառատանոց տարածքի բնակավայրը, պոչամբարի կառուցման դեպքում, կվերանա:
«Թե ինչ որոշում կկայացվի Խառատանոցի հարցի վերաբերյալ, չեմ կարող ասել: Տեղափոխման դեպքում նա այլևս չի հնչի այնպես, ինչպես այժմ: Պետք է մնա իր տեղում»,- ասաց հնագետը:
Պոչամբարի տարածքում գտնվող միջնադարյան եկեղեցին կտեղափոխվի Շնող գետի ափին գտնվող տարածք: Տարածքի պեղված հուշարձանները գրանցված են պատմամշակութային պահպանվող հուշարձանների ցուցակում: Տարածքում կա պատ, որը հնարավոր չէ տեղափոխել ու հուշարձանների ցուցակում է ընդգրկված: «Այն հուշարձանները, որոնք հնարավոր չի տեղափոխել` մնալու են պոչամբարի տակ»,- ընդգծեց բանախոսը:
Սուրեն Հոբոսյանն ընդգծեց, որ պեղումները պետք է շարունակվեն: «Անհրաժեշտության դեպքում մենք հարց կբարձրացնենք` քննարկել ու դադարեցնել պոչամբարի կառուցումը, քանի որ մեր հուշարձանները կոչնչանան»,- ասաց բանախոսը` միաժամանակ նշելով, որ հայտնաբերված հուշարձաններից շատերը չեն ավերվում, կամ որոշները կարելի է տեղափոխել ու տարածքը հնարավոր է դարձնել զբոսաշրջության լավ վայր:
Ասուլիսին ներկա Թռչկան քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանն ասաց, որ Խատառաձորի փրկելու համար որոշ քայլեր կձեռնարկեն: «Մշակույթի նախարարությունը պարտավորություններ ունի հայկական մշակութային հուշարձանների պահպանման հարցում, ու եթե մոռացել են այդ մասին, մենք կհիշեցնենք»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան