ԼՂՀ ԱԺ. Ֆրանսիայի համար արդարությունը և իրողություններն անառարկելի են
Երեկ՝ հունվարի 25-ի երեկոյան, ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը հանդես են եկել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին և Սենատին ուղղված համատեղ Դիմումով՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրենքը ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի կողմից ընդունվելու կապակցությամբ։
Ստորև ներկայացվում է Դիմումի տեքստը՝ ամբողջությամբ.«Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմամբ Ֆրանսիայի Հանրապետությունը, լինելով իրավական ու ժողովրդավարական երկիր և համամարդկային արժեքներ դավանող հանրություն, աշխարհին ներկայացավ նաև իբրև պետություն, որի համար արդարությունը և իրողություններն անառարկելի են, չեն ենթարկվում պահի նպատակահարմարությանը:
Ֆրանսիայի Հանրապետությունը եվրոպական այն երկիրն է, որտեղ ապաստան են գտել և գթասրտության արժանացել Ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայեր: Նրանց սերունդներն այսօր ֆրանսիական հասարակության անդամ են, օրինապաշտ քաղաքացիներ, ովքեր գործում են հանուն Ֆրանսիայի զորացման և բարօրության:
Ֆրանսիայի Հանրապետությունը ծնունդն է ֆաշիզմի դեմ դիմադրական շարժման, որ գլխավորել է գեներալ Շառլ դը Գոլը: Այդ է, թերևս, նաև նպաստում, որ Ֆրանսիայի ժողովուրդը, նրա ընտրյալները հայության իղձերի, պատմական արդարության վերահստատման ձգտումների հանդեպ ընկալունակ և ցավակից լինեն:
Մեզ համար անսպասելի չէր Ֆրանսիայի Հանրապետության Սենատի որոշման հանդեպ նաև Ադրբեջանի իշխանությունների, այդ երկրի քաղաքական և այլ շրջանակների կեցվածքը: Այդ կերպ, կարծում ենք, օրվա իշխանությունները նույնացնում են իրենց երկիրը Թուրքիայի հետ, սատարում վերջինիս ժխտողականությանը:
20 տարի առաջ, հռչակելով անկախ Հանրապետություն, մեր ժողովուրդը ոչ թե հավակնոտություն է դրսևորել, այլ ընտրել է ցեղասպանությունը կանխելու միակ հնարավոր տարբերակը, ինչի շնորհիվ ապահովվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, կենսագործունեությունը սեփական հայրենիքում:
Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Հանրապետության միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, կիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ, բանակցությունների ճանապարհով, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով կարգավորելու` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտեցումը:
Լիազորված ենք մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին և Սենատին` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար: Արդարության և ժողովրդավարության, համամարդկային արժեքների հաստատման ճանապարհին մեր ժողովուրդը ձեզ հետ է:
Այս մասին Panorama.am-ին փոխանցեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա