Հայաստանը զգալիորեն բարելավել է դիրքերը
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցն ու վարկանիշային աղյուսակը, որը նվիրված է մամուլի ազատությանը աշխարհի տարբեր երկրներում:
Վարկանիշային աղյուսակում մեր երկիրը զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը, արձանագրելով նշանակալի բարելավում նախորդ տարվա 101-րդ հորիզոնականի համեմատ: Հարավային Կովկասի տարածքում Հայաստանն առաջատարն է հետևում թողնելով Վրաստանին, որն այս տարի 4 հորիզոնականով զիջել է իր դիքերը հայտնվելով 104-րդ տեղում ու 152-ից 162-րդ հորիզոնականում հայտնված Ադրբեջանին:
Զեկույցում Հայաստանի մասով նշվում, թե չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի 24 հորիզոնականով առաջընթացը նշանակալի է թվում, այնուհանդերձ այն ընդամենը վերադարձել է այնտեղ, որտեղ գտնվել է 3 տարի առաջ 2008 թ-ի կասկածելի ընտրություններին հաջորդած ճնշումներից առաջ: Զեկույցի հեղինակները ընդգծել են, թե հայկական լրատվամիջոցները շարունակում են մնալ հաճախակի դարձած դատական հետապնդումների զոհ, իսկ պահանջվող փոխհատուցումները հաճախ չեն համապատասխանում ներկայացված վնասի չափերին: Որպես գլխավոր մարտահրավեր նշվում է լրատվամիջոցների ինքնակարգավորման խնդիրը: