«Ժամանակի հաշվարկման կարգի» մասին օրենքում փոփոխություն կատարելը կարող է խնդիրներ առաջացնել
Ամառային-ձմեռային ժամանակին անցումից հրաժարվելը կարող է խնդիրներ առաջացնել, եթե մինչև այդ լուրջ նախապատրաստական աշխատանքներ չիրականացվեն: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է համակարգիչների ժամը դեռևս գործող օրենքով նախատեսված ամառային ժամանակին անցում կատարելու օրն ու ժամին ինքնաբերաբար փոխվի: Նման խնդիր կարող է ի հայտ գալ նաև բջջային կապի շուկայում գործող ընկերությունների, օդանավակայանի պարագայում:
«Տեսականորեն պետք է բոլորը հարմարվեն, պրակտիկորեն կարող են նման խնդիրներ լինել: Դրա համար պետք է որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացվեն»,-ասաց Ս. Մարտիրոսյանը:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելի Չերչինյանն ասաց, որ խնդիրը հիմնականում վերաբերում է ավիաընկերություններին, նրանց նախապես զգուշացվել է օրենքի փոփոխության մասին, համապատասխան քայլեր արվել են, իսկ օդանավակայանն էլ ի վիճակի է նույն ժամվա մի քանի չվերթ սպասարկել: «Կարծում եմ, խնդիրներ չեն լինելու»,-ասաց Չերչինյանը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին:
«Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: Նման եզրակացություն տվել են ոլորտի ներկայացուցիչները: Նախագծին կցված եզրակացություններից պարզվում է, որ այն ազդեցություն չի կարող ունենալ մրցակցության բնագավառում, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն:
Ինչ վերաբերում է բնապահպանության ոլորտին, ապա եզրակացության համաձայն, Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին և պահանջներին չի հակասում:
Օրինագծի թե ընդունումը, և թե չընդունումը բյուջետային քաղաքականության, բյուջետային եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնում, կոռուպցիոն գործոն չի պարունակում:
Նշենք, որ կառավարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկի համար որպես հիմք թողնել միջազգային ժամագոտիների համակարգի չորրորդ ժամային գոտին՝ միաժամանակ դադարեցնելով մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու գործընթացը: Սա ենթադրում է, որ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «օրենքը» բառը պետք է փոխարինվի «օրենքի 2-րդ հոդվածը» բառերով և օրենքն ուժի մեջ պետք է մտնի մինչև 2012 թվականի մարտի վերջին կիրակի օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան