Քարինտակցիներ. Մերոնք կռվեցին առյուծների նման ու հաղթեցին
«Քարինտակի հերոսամարտը ոգեշնչել է ողջ արցախահայությանը ու դարձել ելակետ: Ադրբեջանցիներին չհաջողվեց հաջողության հասնել Քարինտակում, որովհետև քարինտակցիները միասնական էին, լի ուժով, գյուղից ոչ մի մարդ դուրս չի ելել այդ օրերին»,-այս մասին ասուլիսում ասաց Արցախի ՊԲ փոխգնդապետ Շահեն Այդինյանը` խոսելով 1992 թվականի հունվարի 26-ի տեղի ունեցած Քարինտակի հերոսամարտի մասին: «Մենք հավատում էինք, որ հաջողության հասնելու ենք: Բացի այդ, եթե թողնեինք գյուղը, ապա այն դիրքը, որ կարող էին ադրբեջանցիները ձեռք բերել, տաս անգամ ավելի կդժվարացներ Շուշիի գրավումը»,- ասաց նա:
1992 թվականի հունվարի 26 առավոտյան հակառակոդրը երկու կանոնավոր գումարտակով` մոտ 800-900 մարդ, անցել է հարձակման: Ըստ նրա, ադրբեջանական կողմը նախապես պլանավորված է եղել, սակայն մարտը ցույց է տվել, որ նրանք չէին կարող իրենց հետ կռվել, քանի որ հիմնականում երիտասարդներ էին:
«Մեզ ստիպել են, որ գանք ու այս գյուղը վերցնենք»,- այսպիսինն է եղել ադրբեջանցի զինվորներից մեկի պատասխանը Շ. Այդինյանի այն հարցին, թե` ի՞նչ գործ ունեք այս կողմերում:
Քարինտակցի Արծվիկ Սարգսյանն ասաց, որ մարտը տևել է 12 ժամ: Ադրբեջանական կողմը թողել է 132 դիակ, բայց, ըստ այլ տեղելությունների, ավելի շատ է եղել` մոտ 200:
«Կառչած էինք մեր հողին, քարերին, մենք երբեք չէինք թողնի Քարինտակը, քանի որ ադրբեջանցիները կարող էին առաջ գնալ ու Արցախը բաժանել երկու մասի»,- ասաց Ա. Սարգսյանը:
Մարտին մասնակցել է նաև 15 ամյա քարինտակցի մի աղջնակ, ով զոհվել է: Քարինտակցի Արծվիկ Բաղդասարյանը ցույց տվեց մի թերթիկ (հանրաքվեի հարցաթերթիկն էր), որի ետին մասում գրված էր իրենց գյուղի բոլոր զոհվածների անունները, ընդհանուր առմամբ 64 հոգի, իսկ հենց Քարինտակի ճակատամարտում` 22 հոգի:
Նա էլ ասաց, որ իրենք թույլ չեն տվել, որ գյուղից որևէ մեկը դուրս գա, քանի որ «գիտակցելով, որ մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին, կանանց, ավելի էր ոգևորում»:
«Մերոնք կռվեցին առյուծների նման»,- ընդգծեց նա` նշելով, որ Քարինտակի հերոսամարտը սկիզբ եղավ, որ Ղարաբաղի մի մասը, թեև ոչ ամբողջությամբ, ետ վերցրեցին:
«Ոչինչ, ժամանակը կգա, որ ամբողջը ետ կվերցնենք»,- հույս հայտնեց Ա.Բաղդասարյանը:
Քարինտակցի Լևոն Առուշանյանն էլ ասաց. «Մենք սպասում էինք, որ այդ ընդհարումը լինելու է: Հավատում էի, որ հաղթանակով ենք դուրս գալու: Այդպես էլ եղավ, բայց իմ ընտանիքը շատ է տուժել: Մի ժամվա մեջ եղբայրս, որդիս զոհվեցին»,- ասաց Լևոն Առուշանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան