ՀԱԿ-ի արտահերթի թեման ընտրություններից երեք ամիս առաջ այլևս հետաքրքիր չէ
Մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե փետրվար-մարտ ամիսներին Կոնգրեսը նոր ալիք է բարձրացնելու եւ պահանջելու է արտահերթ ընտրություններ, իսկ եթե իշխանությունները չհեռանան, ապա ՀԱԿ-ը ընտրություններում հաղթելու մասին նոր թեզ առաջ կքաշի` «Голос Армении»-ն գրում է. «ՀԱԿ-ի քարոզչամեքենան գործում է արդեն ծեծված սկզբունքով: Նախ ՀԱԿ-ը հանրահավաք կհայտարարի, և կարևոր չէ, որ արտահերթ ընտրությունների թեման` հատկապես ընտրություններից երեք ամիս առաջ, այլևս ոչ մեկին չի հետաքրքրում, հետո կսկսի ապատեղեկատվություն տարածել այն մասին, թե իբր հանրահավաքին տասնյակ հազարավոր մարդիկ կային, իսկ ընտրություններից հետո իր քաղաքական անհաջողությունը կփորձի բացատրել ընտրությունների կեղծմամբ`այն չակերտավոր հիմնավորմամբ, թե իբր «տասնյակ հարազարավոր» մարդ հավաքող ուժը չէր կարող անհաջողության մատնվել ընտրություններում»:
Ըստ թերթի` զրոյի հավասարեցված իր հեղինակությունը փոքր-ինչ շտկելու ՀԱԿ-ի միակ հույսը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանի հաղթանակն է, հանուն որի` ՀԱԿ առաջնորդ ԼՏՊ-ն պատրաստ է նույնիսկ հաճոյախոսություններ շռայլել խորհրդարանական ընդդիմության հասցեին` իրենց օժանդակությունը ստանալու նպատակով: Հոդվածագիրը զգուշացնում է խորհրդարանական ընդդիմությանը` նշելով, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո ԼՏՊ-ն կրկին կպիտակավորի նրանց` «իշխանության սպասավորների» կոչումով: Անդրադառնալով նախընտրական ցուցակի վերաբերյալ ՀԱԿ-ում տիրող հակասություններին` «Голос Армении»-ն նշում է, որ 18 կուսակցությունների միջև աթոռակռիվը հարթելը Լ. Տեր-Պետրոսյանի համար մեծ գլխացավանք է լինելու: