Արման Երեմյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Հունվարի 29-ին կրկնակի ուրախություն ապրեց Արման Երեմյանը: Կազան քաղաքում անցկացված թաեքվոնդոյի օլիմպիական վարկանշային միջազգային մրցաշարում 80 կգ քաշայինների եզրափակչում Արմանը ժամանակից շուտ հաղթանակի հասավ հոլանդացի Թոմ Մոլեթի նկատմամբ, գրավեց առաջին տեղը և արժանացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրի: Մինչ այդ մեր մարզիկը պարտության էր մատնել չեխ Թոմաշ Հրդինային, գերմանացի Ալբերտո Սելեստրինին և իսպանացի Նիկոլաս Գարսիա Հեմին: Երևանցին նույն օրը նաև ինքն իրեն հրաշալի նվեր մատուցեց ծննդյան 26-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի աշակերտն այդ մարզաձևում առաջինն է մեզանում, ով արժանացավ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքին: Նա մեր երկրում նաև առաջինն է, ով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը (2008 թ.): Ուզում ենք հավատալ, որ թաեքվոնդոյի մեր լավագույն վարպետն իր մարզաձևում առաջինը կդառնա օլիմպիական խաղերի մեդալակիր:
Կազանում մեր երկրորդ մասնակից Հայկազ Սամվելյանը (58 կգ) անմասն մնաց խաղարկված ուղեգրերից:
«Լոնդոն-2012»-ի խաղեր մեկնող մեր մարզիկների թիվը հասավ 12-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան