Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը պայմանագիր են ստորագրել
Ռուս շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը Վեյկ ան Զեեի շախմատային խոշոր փառատոնի պատվավոր հյուրերից մեկն էր: Բայց նա Հոլանդիա էր ժամանել ոչ այնքան շախմատային հսկաների խաղին հետևելու, որքան Լևոն Արոնյանի հետ պայմանավորվելու համար:
«Ես եկել եմ` հանդիպելու մի քանի կազմակերպիչների հետ և ստորագրելու պայմանագիր: Երեկոյան մենք դա կանենք,- chess.news.ru-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կրամնիկը:- Արդեն կարող եմ ասել, որ ընկերական մրցամարտ կանցկացնեմ Լևոն Արոնյանի հետ ապրիլի վերջին: Պատրաստվում եմ երեկոյան ընթրել նրա հետ և պայմանագիր ստորագրել: Նրա, ինչպես նաև հովանավորների ու կազմակերպիչների հետ: Բայց, ցավոք, Լևոնի տրամադրությունն այսօր ցածր կարող է լինել (Կրամնիկը նկատի է ունեցել այն փաստը, որ Արոնյանն այդ օրը զիջել է Նավարային-խմբ.): Դատելով ամեն ինչից` այնքան էլ լավ օր չենք ընտրել: Բայց ես չեմ կարող սպասել, վաղը պետք է վերադառնամ:
Եթե պայմանագիրն ստորագրվի, մրցամարտը կանցկացվի Արևմտյան Եվրոպայում, ապրիլի 21-29-ը: Մենք դասական շախմատ կխաղանք: Մրցամարտը բաղկացած կլինի 6 պարտիայից: Բայց դա սովորական խաղ է, մենք կոչման համար չէ, որ խաղում ենք: Ինչպես ես, այնպես էլ Լևոնը ցանկանում ենք խաղալ, փորձարկել որոշակի մտահղացումներ և դուրս չմնալ գործնական խաղից: Հիմա ուղղակի անհրաժեշտ է ինչ-որ կերպ հանգստացնել Լևոնին այսօրվա պարտիայից հետո…»:
Լևոն Արոնյանի տրամադրությունը, սակայն, չանդրադարձավ բանակցությունների վրա: Կողմերն արագ ընդհանուր հայտարարի հանգեցին և կխաղան ապրիլի 21-29-ին: Նախատեսված է, որ նրանք կհանգստանան ապրիլի 23-ին և 26-ին: Ամենայն հավանականությամբ, մրցամարտը կկայանա Ցյուրիխում: Մրցամարտի հովանավորը Օլեգ Սկվորցովն է` ռուսաստանյան «I.G.C International Gemological Laboratories» ընկերության գլխավոր տնօրենը: Նա Վլադիմիրի հետ ծանոթացել է Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Իմանալով, որ Կրամնիկը, ըստ էության, 2012 թ, առաջին կեսում հարկադիր պարապուրդում է լինելու, Սկվորցովն առաջարկել է մրցամարտ անցկացնել որևէ շախմատիստի հետ, ով կներկայացնի ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն հնգակը: Ի վերջո, նրանք ընտրել են Արոնյանին, և հայ շախմատիստը համաձայնվել է:
Վլադիմիր Կրամնիկը հաղորդել է նաև, որ եթե մինչև 30-րդ պարտիան ոչ-ոքի արձանագրվի, Արոնյանի հետ պայմանավորվածության համաձայն` նույն օրը մեկ արագ պարտիա կանցկացնեն, որի արդյունքը, բնականաբար, չի գումարվի ընդհանուր արդյունքին:
Ավելացնենք, որ chess-news.ru-ի անցկացրած հարցման մասնակիցների ավելի քան 60 տոկոսը համարում է, որ Կրամնիկ-Արոնյան մրցամարտն ավելի հետաքրքիր է, քան աշխարհի չեմպիոնի կոչման համար Անանդի և Գելֆանդի մրցակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան