Արտակ Նազարյանի գործով տուժող կողմը բոյկոտելու է Իջևանում ընթացող դատական նիստերը
Մեհրաբ զորամասի «Ղոզլու» հենակետում սպանված սպա Արտակ Նազարյանի գործով տուժող կողմը որոշում է կայացրել չներկայանալ հունվարի 31-ին Իջևանում նշանակված դատական նիստին: Տավուշի մարզում դատական նիստերը բոյկոտելու որոշման մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեցին Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը և Ռուբեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ, դատավոր Ս. Մարդանյանը որոշում է ընդունել Արտակ Նազարյանի գործով դատավարության նիստերը Երևանից նորից Տավուշի մարզ վերադարձնելու մասին:
Տուժող կողմի գնահատմամբ` դատավոր Ս. Մարդանյանի որոշումը խոչընդոտում է դատական գործի արդարացի և բնականոն ընթացքին, կոծկում այն հասարակության ուշադրությունից:
«Երևանում` Շենգավիթ համայնքի դատարանում ընթացող դատական նիստերը գտնվում էին բոլոր լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուշադրության ներքո: Այդ քայլով փորձ է արվում դատական գործընթացն առանց որևէ արտաքին վերահսկողության ավարտել 1-2 նիստով` հիմք ընդունելով միայն նախաքննական նյութերը», - տուժող կողմի դիրքորոշումը ներկայացրեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Նրա խոսքով` դատական գործընթացի շուտափույտ ավարտով հետաքրքրված է ՀՀ զինվորական դատախազությունը:
Ըստ տուժող կողմի ներկայացուցիչների` թեև դատական նիստերը, օրենսդրությամբ, կարող են ընթանալ առանց նրանց մասնակցության, Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջելու են դատական նիստերի վերադարձը Երևան:
Ասուլիսին ներկա փաստաբան Ալվարդ Մնացականյանը, ով ամբաստանյալներ (դեպքի պահին` շարքայիններ) Հարութիկ Կիրակոսյանի, Մխիթար Մխիթարյանի և Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպանն է, ևս հայտարարեց, որ միանում է տուժող կողմին և պատրաստվում է չներկայանալ Իջևանում կայանալիք նիստին:
«Այս հարցում մենք համակարծիք ենք տուժող կողմի հետ և գտնում ենք, որ դատական գործընթացը պետքէ լինի թափանցիկ», - ասաց Ա.Մնացականյանը: Նա նաև հավելեց, որ իր պաշտպանյալների համար մեծ դժվարություն է ամեն նիստի համար Իջևան տեղափոխվելը, որը հավելյալ1-2 օր է խլում:
Ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի, եթե չներկայանա նաև ամբաստանյալներ Վահագն Հայրապետյանի և Հակոբ Մանուկյանի պաշտպանող կողմը, դատավորը ստիպված կլինի նիստերը նորից Երևան տեղափոխել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին