ՀՀ ԿԳՆ-ն Վրաստան է առաքել դասագրքեր
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Վրաստան են առաքվել ուսումնական գրականություն և ուսումնաօժանադակ նյութեր՝ տեղի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների համար, տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից: Դասագրքերի տրամադրումն իրականացվել է «Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի մշակում և տրամադրում» պետական ծրագրի շրջանակում: Վրաստանի 13 շրջանների շուրջ 150 հայկական դպրոցներն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, բացի այբբենարաններից և կից աշխատանքային տետրերից, կստանան նաև ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն: Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար նախատեսված 7500 գրքերը, տետրերը, պաստառները, մեթոդական ուղեցույցներն ու գեղարվեստական գրքերը արդեն գտնվում են Ախալքալաքի շրջանի ռեսուրս-կենտրոնում, որտեղից էլ կկազմակերպվի բաշխումն ըստ դպրոցների:
Գործընթացը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայանագրի շրջանակում:
Աղբյուրը հավելում է, որ 2011 թվականին Սփյուռքի դպրոցներին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրվել են 47 240 դասագրքեր և այլ ուսումնական նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան