«Հայ Ձմեռ պապ-2012». խոսուն կադրեր, տխուր իրականություն
Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ներկայացրեց «Հայ Ձմեռ պապ-2012» լրագրողական-բարեգործական ֆիլմը («Հետք», «Առավոտ», «168 ժամ», «ՄեդիաԼաբ» և «ArmRegions» պարբերականների հետ համագործակցությամբ):
Լինելով վավերագրական` այն ներկայացավ առաջին դեմքով. Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում ապրող սոցիալապես անապահով ընտանիքները պատմում են իրենց դժվարությունների, խնդիրների ու զրկանքների մասին: Թեև նրանք, եթե ձայն էլ չհանեին, կադրերն արդեն իսկ խոսուն են:
Տներ, որոնք վերանորոգում ասվածը երբևէ չեն իմացել, պատուհաններ, որոնք պատված են ցելոֆաններով, թեև դրսում ցուրտ է, ճաշասենյակ, որը և լոգարան է, և լվացքատուն, և խոհանոց… Այս ամենը, իհարկե, մարդկանց բարդ ճակատագրերի կողքին խամրում է, բայց չէ՞ որ այս ամենի համակցությունն ու առկայությունն է, որ մարդուն տարբերում է գազանից: Մինչդեռ այնպիսի պայմաններ, որոնք ներկայացված են ֆիլմում, դժվար է անգամ վատ երազում պատկերացնել:
Ֆիլմում ներկայացվում է 8 սյուժե` սոցիալական ծանր վիճակներ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է հիմնականում սահմանամերձ գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների առօրյայի մասին, որում երեխաները տարիներով միս չեն համտեսում, բայց լրագրողներին խորամանկորեն խաբում են` «ամեն օր ուտում եմ»:
Սյուժեներ, որոնցում կանայք երազանքները բարձրաձայնում են` ունենալ լվացքի մեքենա, որ ձեռքերը գոնե մեկ-մեկ մոռանան սառը ջրի հպումը: Գորշ գույներով ներկված պատմություններ, որոնք ներծծել են այն քաղաքացիների վիշտը, որոնք կռվի դաշտում, հայրենիքի պաշտպանության համար կորցրել են ամենաթանկը` վերջույթները և այսօր երազում են գոնե երկու քայլ անելու մասին:
Ցավալին այն է, որ ներկայացվող պատմություններն ամենևին էլ ութը չեն, ինչպես ֆիլմում, այլ բազմահազար` Հայաստանի ցանկացած ծայրում, անգամ Երևանի կենտրոնում` Կոնդում, նման ընտանիքները շարունակում են գոյատևել մեր բոլորիս կողքին:
«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի շնորհիվ որոշ ընտանիքներ, որոնց մասին հասարակությունը թե Հայաստանում, թե սփյուռքում տեղեկացավ նմանատիպ ֆիլմերի շնորհիվ, էական աջակցություն (ոչ միայն նյութական, այլև հոգեբանական) ստացան ու շարունակում են ստանալ: Երեկ էլ կինոթատրոնում, ֆիլմի դիտումից հետո, շատերը իրենց նվիրատվությունները ցուցաբերեցին ֆիլմում ներկայացված ընտանիքներին:
Անցել են այն ժամանակները, երբ աշխարհը փրկելու առաքելությունը գեղեցկությանն էր վերագրվում: Այսօր եթե ոչ աշխարհը, ապա գոնե Հայաստանը գուցե ունակ է փրկել բարեգործությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան