Ընդդիմությունը որոշել է մի լավ զվարճացնել ՀՀ շարքային քաղաքացիներին
Անդրադառնալով վերջին օրերին հայկական ընդդիմադիր դաշտում մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններին` «Голос Армении»-ն նկատում է, որ դրանք անկեղծ զավեշտի են նմանվում:
Մասնավորապես` «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է. «Քաղաքացիների տեսանկյունից 100%-անոց համամասնական ընտրակարգի ներմուծումը առաջնային խնդիր չէ, սակայն ընդդիմադիր ուժերի քաղաքական օրակարգի տեսանկյունից` առաջնային է»:
Թերթը նկատում է, որ հայկական քաղաքականության մեջ իրեն քաղաքացիների խնդիրներով մտահոգ ընդդիմություն համարող կուսակցությունն առաջին անգամ հայտարարեց, որ իրենք զբաղվում են ոչ թե հասարակ քաղաքացիների լոբբինգով, այլ ԱԺ-ում իրենց մանդատների ապահովմամբ:
Անդրադառնալով մեկ այլ ընդդիմադիր շարժման` ՀԱԿ-ի գործունեությանը, թերթը նկատում է, որ ի տարբերություն «Ժառանգության» անկեղծության` Կոնգրեսը որոշել է գործել ֆանտաստիկայի ժանրում: Այն է` ակտիվորեն քննարկել և պատրաստել նախընտրական ցուցակ և դրա հետ մեկտեղ փետրվար-մարտ ամիսներին պահանջել արտահերթ ընտրությունների անցկացում: Ինչպես նկատում է նյութի հեղինակը` հայկական քաղաքական դաշտի ընդդիմությունը, կարծես թե, որոշել է ավելի ուրախ դարձնել ՀՀ շարքային քաղաքացու առօրյան: