Հայաստանի հավասարակշիռ քաղաքականությունը և Ադրբեջանին հասցված երկրորդ ապտակը
Տեղեկացնելով այն մասին, որ մեկ տարի շարունակ անգործության մատնված ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովը վերջապես պաշտոնապես կդադարեցնի իր գործունեությունը` «Новое Время»-ն գրում է, որ ԵԽԽՎ նախկին թուրք նախագահ Մեվլութ Չավուշօղլուի` ադրբեջանցիներին հաճոյանալու և ԼՂ հարցը ԵԽԽՎ հարթություն տեղափոխելու ջանքերն ապարդյուն եղան:
ԵԽԽՎ նոր նախագահ, ֆրանսիացի Ժան Կլոդ Մինյոնն իր անմիջական պարտականություններին անցնելուն պես` անդրադարձավ նաեւ Չավուշօղլուի կատարած սխալների շտկմանը: Առաջին իսկ մամուլի ասուլիսի ժամանակ Մինյոնը հայտարարեց, որ երբեք չի հավատացել, թե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ենթահանձնաժողովի գործունեությունը կարող է որևէ արդյունք տալ: Մեկ ապտակ հասցնելով Թուրքիային` ԵԽԽՎ նախագահ Մինյոնը նմանատիպ մի քաղաքական ապտակ էլ Ադրբեջանին հասցրեց, երբ ադրբեջանական APA տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում նշեց, որ ամենայն հավանականությամբ ենթահանձնաժողովը չի շարունակի իր գործունեությունը:
Եվ այսպես` արդյունքում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբին համարժեք մեկ այլ քաղաքական պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի փորձերը ձախողվեցին, իսկ Հայաստանին և Արցախին մնում է նույն կերպ շարունակել իրենց հավասարակշռված քաղաքականությունը, որը թեկուզև դանդաղ, բայց հաստատուն կերպով իր դրական արդյունքներն է տալիս: