ՍԱՆԱ. Թուրքիան և Արաբական ծոցի երկրները վարձկաններ են տրամադրում սիրիական զինված ընդդիմությանը
Սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը գրում է, որ օրեցօր մերկացվում են լայնամասշտաբ դավադրության նորանոր մասնակիցներ, որոնց բախվում է Սիրիան: Իրադարձությունների զարգացման ընթացքը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն, Իսրայելը և Ֆրանսիան արտասահմանյան և արաբական երկրների ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների և քրեական տարրերի շրջանակներից հավաքագրել են վարձկաններ և նախապատրաստել նրանց Թուրքիայի և Լիբանանի տարածքներում ստեղծված հատուկ ճամբարներում:
ԱՊԼ-ի առաքելության անդամներից մեկը, ով նաև հանդիսանում է իրաքյան հատուկ ծառայությունների աշխատակից, սիրիական Հոմս քաղաք այցելության ժամանակ զարմանք էր հայտնել` կապված այդ երկրում պակիստանցի, իրաքցի և աֆղան վարձկանների առկայության հետ:
«Այս հանգամանքը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սիրիան բախվում է շատ վտանգավոր ահաբեկիչների հետ, ովքեր պրոֆեսիոնալ նախապատրաստված են, լավ զինված և ֆինանսավորվում են ԱՄՆ-ի և արևմտյան շրջանակների կողմից»,_ գրում է «ՍԱՆԱ»-ն:
Անջատողական կրոնական գործիչ Օմար Ալ-Բաքրին, ով ներկայումս բնակվում է Լիբանանում, անգլիական «Դեյլի Թելեգրաֆ» օրաթերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ «ԱԼ-Կաիդա» կազմակերպության անդամները արդեն իսկ գործում են Սիրիայի տարածքում` ներթափանցելով այստեղ Լիբանանից` Սաադ Ալ-Հարիրիի ղեկավարած «Ալ-Մուստակղբալ» շարժման աջակցությամբ:
«Քաղաքական վերլուծաբանների մեծ մասը հաստատում է, որ Սիրիան վարձահատույց է լինում իր հայրենասիրական դիրքորոշման համար, քանի որ հանդես է գալիս Պաղեստինի արաբ ժողովրդի օրինական իրավունքների վերականգնման և Իսրայելի կողմից գրավված բոլոր արաբական տարածքների ազատագրման օգտին»,_ նշում է սիրիական լրատվական գործակալությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան