Դ.Հարությունյան. «ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահը կլինի մեկ ընդդիմության, մեկ իշխանության ներկայացուցիչ»
Էթիկայի հանձնաժողով հնարավոր է ունենա նաև Ազգային Ժողովը. ամեն դեպքում ԱԺ կանոնակարգ օրենքում համապատասխան փոփոխությունների մասին նախագիծն այսօր քննարկվել է գլխադասային` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ու դրական եզրակացությամբ ներառվել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:
«Նախագիծը երեք կարևոր բաղադրիչ ունի, բայց թերևս ամենակարևորը վերաբերում է պատգամավորների վարքագծի կանոններին, շահերի բախմանը և այն սահմանափակումներին, որ պատգամավորի համար նախատեսել է Սահմանադրությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում նախագծի հիմնական մեխերը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«Մասնավորապես ներկայացրել ենք, թե ինչ ասել է պատգամավորի վարքագծի կանոններ` ընդգծելով, որ այդ կանոնները կիրառվում են նրա նկատմամբ ոչ միայն ի պաշտոնե գործելիս, այլ նաև աշխատանքային պարտականությունները կատարելուց դուրս»,- ներկայացրեց նա:
Բացի այս, նախագծի կարևոր այլ բաղադրիչներից է պատգամավորի շահերի բախմանը վերաբերող հարցերը, քանի որ, շեշտեց մեր զրուցակիցը, դրանց էությունն էապես տարբերվում է գործադիր իշխանության շրջանակներում շահերի բախումից:
Պատգամավորի հիմնական գործունեությունը օրենսդրականն է, և նախագծի նպատակն այն է, որ շահերի բախման իրավիճակ առաջանալուց նրա գործընկերները տեղյակ լինեն, որ պատգամավորը գործելիս կամ ելույթ ունենալիս, կամ ինչ-որ առաջարկություն ներկայացնելիս կարող է ունենալ շահերի բախման հնարավոր իրավիճակ և որպեսզի դա հնարավոր լինի օբյեկտիվորեն գնահատել.
«Այս իմաստով մենք սահմանել ենք դեպքերը, երբ կարող են նման իրավիճակներ առաջանալ` հանձնաժողովում կամ աշխատանքային խմբում ելույթ ունենալիս, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, առաջարկություններ ներկայացնելիս և այլն: Այս բոլոր դեպքերում և քվեարկելուց առաջ պատգամավորը պետք է հանդես գա շահերի բախման մասին հայտարարությամբ»:
Փոփոխություններն առնչվում են նաև այն սահմանափակումներին, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, մասնավորապես` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին, մանկավարժական-ստեղծագործական և գիտական գործունեությամբ զբաղվելու հնարավոր սահմաններին և այլն: Դ.Հարությունյանի խոսքով, այդ ամենն ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն փոփոխությունների հեղինակները համարում են, որ այստեղ ևս անհրաժեշտ են որոշակի կանոններ:
«Անհրաժեշտություն էր առաջացել ստեղծելու կառույց, որը զբաղվելու էր այս բոլոր հարցերով . մեր առաջարկությամբ դա կլինի Էթիկայի հանձնաժողովը, որը պետք է լինի հավասարակշռված, այսինքն` ունենալու է հավասար թվով անդամներ, որոնք ներկայացնում են իշխանությունն ու ընդդիմությունը, իսկ հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր նստաշրջանը մեկ պետք է փոխվի` լինի մեկ ընդդիմությունից, մեկ իշխանությունից»,- հավելեց Դ.Հարությունյանը:
Նշենք, որ նախագիծը կքննարկվի արդեն այս քառօրյա նիստերի ժամանակ, որոնք մեկնարկում են փետրվարի 6-ին` երկուշաբթի օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում