Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը» ֆիլմը միջազգային կինոփառատոնում արժանացել է դիպլոմի
Հայաստանի մշակույթի նախարարության աջացությամբ ռեժիսոր Գուժ Թադևոսյանի հավերժական ազատության թեմային նվիրված «Մարգար պապը» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է հունվարի 16-18-ը Մինսկում կայացած «Cinema perpetuum mobile» միջազգային կինոփառատոնին և արժանացել դիպլոմի:
Փառատոնին մասնակցել են 35 երկրի 150 երիտասարդ ռեժիսորներ, ցուցադրվել է 180 ֆիլմ: Ֆիլմի պրեմիերայից հետո փառատոնի ժյուրիի անդամ, «Բելառուս վիդեո կենտրոնի» տնօրեն Յուրի Իգրուշան առաջարկ է արել Գուժ Թադևոսյանին նկարահանելու հայ-բելառուսական լիամետրաժ ֆիլմ: Այս մասին panorama.am-ը տեղեկացավ մշակույթի նախարարությունից:
«Մարգար պապը» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Այն ցուցադրվելու է «Cinema perpetuum mobile» փառատոնի գրծընկերներ հանդիսացող Մարոկկոյի, Բեռլինի, Լեհաստանի կինոփառատոներում:
Հաճախ երկրների միջև գոյացող սահմանային և քաղաքական անհամաձայնությունները կամա թե ակամա անդրադառնում են ազնիվ ու աշխատասեր մարդու ապրելակերպի վրա: Այս է Մարգար պապի հոգսը, երբ մի առավոտ արթնանալով պարզում է, որ տասնամյակներով իր տանն ու հողին մաս կազմող արտաքնոցը հայտնվել է ուրիշ պետության սահմանում: Սահմանապահների և գյուղապետի սահմանը չխախտելու անհեթեթ բացատրությունները` աշխարհին շիտակ հոգով վերաբերվող Մարգար պապի համար չեն, և նա ստիպված է լինում հողագործի բահը մի կողմ դնել, խրամատ փորել և զենքով պաշտպանել իր ունեցվածքն ու պատիվը:
Սցենարի հեղինակն է Արթուր Մկրտչյանը, ռեժիսորը` Գուժ Թադևոսյանը, դերակատարներ՝ Կարեն Ջահանգիրով, Ժորա Դիլանյան, Լիոնյա Գալստյան, Նարեկ Աղեկյան