Վ. Բոստանջյան. «Այս լարվածությունը, որին ականատես ենք լինում հիմա` մրցակցությունից է»
Հունվարի 30-ին իշխանական կոալիցիայի ղեկավարների՝ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ քննարկվել են երկրում առկա խնդիրներ, ինպես նաև կոալիցիային առնչվող բազմաթիվ հարցեր:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, շեշտելով, որ հանդիպման մանրամասներին ծանոթ չէ:
«Ինչպես մամուլն է ասում, հրաձգություններ կամ ճնշումներ չեն եղել, բայց ընտրություններից առաջ նորմալ է, որ կա լարվածություն: Ճնշում չեմ ուզում որակել, բայց կարգ ու կանոնի պահպանության հարց կա: Սակայն դա պետք չէ որակել որպես ճնշում: Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա մեզ համար կարևոր է, որ միասնական ընտրությունների գնալու համար անենք ամեն ինչ, որ դրանք լինեն լավագույնը, այդ պատճառով էլ նրանք հանդիպել են»,- ասաց Վ.Բոստանջյանը:
Նրա խոսքով` կոալիցիոն միությունը միշտ աշխատել է, որպեսզի Հայաստանում կայունությունը պահպանվի:
Խոսելով նոր կոալիցիոն համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին, բանախոսն նշեց, որ այն կարող է ստորագրվել, եթե նման փաստաթղթի կարիքը լինի: «Բոլոր պարագաներում նոր փաստաթղթի առաջ գալն իր մեջ ծանր բան չի կրում: Եթե հայտարարության ու նոր հուշագրի կարիք լինի, դա ծանր բան չէ: Դրա կարիքը չեմ կարծում հիմա կա, բայց եթե լինի, թող ստորագրեն ի՞նչ է եղել որ: Կարծում եմ որևէ փաստաթղթի ստորագրումը դատապարտելի չէ»,- ասաց պատգամավորը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է նոր փաստաթղթի կարիքն անընդհատ առաջանում Վ.Բոստանջյանն ասաց. «Կարիքն առաջանում է, որովհետև ՀՀԿ-ն էլ ԲՀԿ-ն էլ հզոր ուժեր են ու բնական է, որ մեկ ընտանիքում պարբերաբար դեբատներ և այլն լինում են, իսկ նման մակարդակում խոսվում է փաստաթղթերով»:
Պատգամավորը լրագրողների կողմից ստեղծված ինտրիգ անվանեց խոսակցությունները, թե ՀՀԿ և ԲՀԿ միջև հարաբերություններում առկա է որևէ անվստահություն, կամ առավել ևս` ներքին պայքար:
«ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև վստահության դեֆիցիտ գոյություն չունի: Երկուսն էլ մեկ նպատակ ունեն` Հայաստանը բարգավաճ տեսնել, և այս լարվածությունը, որին իբր ականատես ենք հիմա, պայմանավորված է մրցակցությամբ: Խաղին մասնակցող ո՞ր կողմը չի ուզում հաղթել»,-ասաց նա: Ըստ բանախոսի` բնական է, որ ընտրություններին ընդառաջ լարվածություն կլինի, սակայն կոալիցիոն ուժերը հանդիպել են ոչ միայն լարվածությունը հարթելու, այլև ընտրությունները լավ անցկացնելու համար ամեն ինչ անելը քննարկելու համար:
Լրագրողների խնդրանքով Վ.Բոստանջյանն անդրադարձավ նաև 2013 թվականի նախագահական ընտրություններին գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելուն: Բանախոսը վստահեցրեց, որ «Բարգավաճ Հայաստանը» հավատարիմ կմնա պայմանավորվածություններին: «Մենք պարզապես առիթ չունենք չսատարելու Սերժ Սարգսյանին: Ես զերծ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց մենք ունենք փաստաթուղթ, որին մենք միշտ հավատարիմ ենք», - ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա