Երևանի քաղաքապետը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ և լսել նրանց հուզող հարցերը` նախկինում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումների հետ կապված:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ծանոթանալով յուրաքանչյուրի գործին ու դիմումին առանձին և զրուցելով քաղաքացիների հետ` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը, հանդես գալով հարցի լուծման բարոյական տեսանկյունից, իր լիազորությունների սահմանում կձեռնարկվի համապատասխան միջոցներ փոխհատուցում չստացած քաղաքացիների հարցը լուծելու նպատակով:
«Չնայած մայրաքաղաքի զարգացման համար կարևոր են քաղաքաշինական ծրագրերը, սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ քաղաքաշինական որևէ ծրագիր չի քննարկվի տնտեսվարողների հետ`մինչև հողօգտագործողների հարցը չլուծվի»,-նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը աշխատանքային խմբին հանձնարարել է շարունակել բանակցությունները հողատարածքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների հետ և քննարկել փոխհատուցման իրատեսական տարբերակներ: