«Հայկական ժամանակ»-ի լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Այսօր առավոտյան տանից դուրս գալիս «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք, այնուհետև ձերբակալվել: Լուրը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի այն է` «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս և 244-րդ հոդվածի «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից» հատկանիշներով:
Նույն ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, թե Հայկ Գևորգյանը հետախուզման մեջ է գտնվել, սակայն, գործընկերները պնդում են, թե Հայկը ամեն օր եկել է աշխատանքի, անգամ նախօրեին ներկա է գտնվել ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ասուլիսին և հարցեր տվել, անգամ եղել է կառավարության երեկվա նիստին ու շենքի առջև լուսանկարահանումներ կատարել: