«Եվրանեսթ»-ի առաջին արտագնա նիստը կկայանա Երևանում
«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, մշակութային և կրթական հանձնաժողովների նիստը երեք շաբաթ հետո տեղի կունենա Երևանում: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում տեղեկացրեց «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Այստեղ բավականանին լուրջ ներկայություն է լինելու, և սա Եվրանեսթի առաջին արտագնա միջոցառումն է, մինչ օրս բոլոր միջոցառումները տեղի են ունեցել Եվրամիության տարածքում, մեծ մասամբ Բրյուսելում կամ Ստրասբուրգում: Առաջինը, որ լինելու է Եվրամիության սահմաններից դուրս, կայանալու է այստեղ, Երևանում», -նկատեց պատգամավորը:
Մինչ այդ, սակայն, հունվարի 23-31-ը տեղի են ունեցել «Եվրանեսթ»-ի տնտեսական ինտեգրացիայի, էներգետիկ անվտանգության և քաղաքական հանձնաժողովների նիստերը:
Հովհաննիսյանի ղեկավարած պատվիրակությունը, նրա խոսքով, «բավական ակտիվ» է աշխատել: Պատվիրակության անդամները, հանձնաժողովի նիստերից բացի, մասնակցել են նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ նաև քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի մասին Եվրախորհրդարանի նախնական զեկույցները: Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ Հայաստանին վերաբերող զեկույցը, որը ներկայացրել է լեհ պատգամավոր Թոմաշ Պորեբան, «դրական ուրվագծեր» է ունեցել, ինչը չի կարելի ասել ֆինն պատգամավոր Յա Տեմյակիի պատրաստած` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցի մասին: «Սա առաջացրել է պրոադրբեջանական լոբբիստների զայրույթը: Նրանք մասնավորապես դժգոհել են Հայաստանի իրավական համակարգից, ինչպես նաև մատնացույց արել Ռուսաստանի դաշնակիցը լինելու հանգամանքը, հնչեցրել ակնհայտ հակահայկական ելույթներ», -հավելեց դաշնակցական խորհրդարանականը:
Նրա խոսքով, «Եվրանեսթ»-ում նաև եղել են ելույթեր հօգուտ Հայաստանի, մասնավորապես հանձնաժողովի եզրակացության տեքսում ղարաբաղյան հակամարտությունը ներառելու` ադրբեջանական կողմի առաջարկը դիմադրության է արժանացել և մերժվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան