Թուրքիան ֆրանսիական ռազմական օդանավերին թույլ չի տվել մտնել իր օդային տարածք
Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող նախագծի ընդունումից հետո Թուրքիան սկսել է Ֆրանսիայի դեմ կիրառել ավելի վաղ հրապարակած պատժամիջոցները:
Մասնավորապես օրերս Ֆրանսիական օդանավերին թույլ չի տրվել մուտք գործել Թուրքիայի օդային տարածք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Turkiyegazetesi.com» լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի, Աֆղանստանի վրայով Ֆրանսիա վերադարձող երկու ֆրանսիական ռազմական բեռնատար օդանավերը, թույլտվություն չստանալով մտնել Թուրքիայի օդային տարածք, ստիպված են եղել շրջանցել այն և այլ երկրների օդային տարածքով վերադառնալ Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել էր, որ, եթե Ֆրանսիան ընդունի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, ապա Թուրքիան կսկսի պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ: Թուրքիայում քննարկվում էին կիրառվելիք հետևյալ պատժամիջոցները.
-Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի հետկանչն ավելի երկարաժամկետ դարձնել:
-Դիվանագիտական հարաբերություններն իջեցնել ամենացածր մակարդակի, ինչպես դա արվեց Իսրայելի դեպքում:
-Առևտրաշրջանառությունից հանել Ֆրանսիական ապրանքները:
-Ֆրանսիայում Թուրքիայի կցորդին (ատաշե) հետ կանչել, իսկ Անկարայում Ֆրանսիայի կցորդի հավատարմագիրը չեղյալ հայտարարել:
-Թուրքիայի օդային տարածքը փակել ֆրանսիական ռազմական օդանավերի առջև:
-Թուրքիայի ջրային տարածքը փակել ֆրանսիական ռազմանավերի առջև:
-Պատժամիջոցները պետք է լինեն տևական, ոչ թե ժամանակավոր: