Սենոր Հասրաթյան. Ամեն րոպե, ամեն վայրկյան էլ պատերազմի վերսկսումը հավանական է
«Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը ներկայացրել է «Եվրամիության արտաքին քաղաքական ցուցանիշների» զեկույցը, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Նրանում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը ԼՂ շուրջ շարունակում է աճել, որն էլ ավելացնում է պատերազմի վերսկսման սպառնալիքը:
Panorama.am-ի հետ զրույցում, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը նշեց.
«Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը և հրադադարի անընդհատ խախտումները` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը մնում են տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը չեզոքացնող թերևս կարևորագույն գործոնը: Պատերազմի վտանգը ամբողջովին հնարավոր է չեզոքացնել անշուշտ հակամարտության կարգավորման մեջ ներգրավված միջազգային կառույցների արդյունավետ աշխատանքով:
Զեկույցի հետ կապված Panorama.am-ը զրուցեց նաև ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանի հետ, ով նշեց, թե քանի դեռ վերջնական խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, ամեն րոպե, ամեն վայրկյան էլ պատերազմի վերսկսումը հավանական է:
«Իսկ ինչ վերաբերվում է լարվածության աճին, ապա պետք է նշել, որ Ադրբեջանը նպատակային իրավիճակը լարում է, որպեսզի հիմնախնդիրը լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նա փորձում է իր քայլերով ճնշում գործադրել, սակայն դա իր մոտ չի ստացվելու: ԼՂՀ ՊԲ հստակորեն իրականացնում իր առջև դրված խնդիրը»,- հավելեց նա:
Այս հարցի շուրջ ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը նշեց, որ 1994 թվականից հետո, երբ կնքվեց հրադադարի պայմանագիրը, շփման գծում միշտ էլ լարվածություն է նկատվել:
«Շփման գծում լարվածության առկայությանը նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք, ինչն էլ բերում է լարվածության: Իսկ պատերազմի հավանականությունը կմեծանա այն դեպքում, երբ ուժերի միջև հավասարակշռությունը կխախտվի: Ներկայումս այդ բալանսը պահպանվում է և դա է պատճառը, որ չեմ կարծում, թե պատերազմի հավանականությունը ներկայումս բարձր է»,- հավելեց ռազմական փորձագետը:
Panorama.am-ի հետ զրույցում, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյան այս հարցի առնչությամբ ավելացրեց. «Ես չեմ կիսում այն տեսակետը, որ պատերազմի վերսկսման հնարավորությունները ավելի մեծ են, քան ասենք, 3-4 տարի առաջ: Կատարվում են քաղսքական քայլեր և այդ քայլերի կարևորությունը կայանում է նրանում, որ պատերազմական գործողությունների վերսկսումը տեղի չի ունենում: Ցանկացած վատ քննարկում շատ ավելի լավ է, քան պատերազմական գործողություն: Այս տարիների ընթացքում ԼՂ շուրջ քննարկումների կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ պատերազմական գործողություններ չկան: Այդուհանդերձ, մենք պետք է իրատեսական գնահատենք. արդեն կան ձեռք բերված պայմանավորվածություններ, որոնցից ետնահանջը, ցանկացած կողմի դեպքում, կլինի խնդրահարույց»:
«Ճիշտ է՝ ԼՂ հակամարտության գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, սակայն դա չի խոչընդոտում, որպեսզի Արցախում, այլ միջազգային կառույցների ներգրավմամբ՝ հումանիտար, մշակութային, կրթական, ժողովրդավարության ոլորտներում ծրագրեր իրականացվեն: Միջազգային կառույցներ կարող են ունենալ իրենց լուրջ ներդրումը ամենատարբեր բնագավառներում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա