Ազգագրագետ «Դավաճանություն կլինի, եթե Սուրբ Սարգսին դուրս մղենք մեր կյանքից»
Արևմտյան քրիստոնեական եկեղեցիների կողմից պաշտվող Սուրբ Վալենտինի օրը Հայաստանում ավելի շահեկան գայթակղության հնարավորություն է առաջացնում, քան միայն Հայ առաքելական եկեղեցու կողմից պաշտվող Սուրբ Սարգսի օրը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ըստ բանախոսի` Սուրբ Վալենտինի օրը 20-րդ դարում կարողացավ ավելի արդիականացվել և հրապուրիչ դառնալ, ինչի պատճառով հայ հասարակության մոտ Սուրբ Սարգսի օրն սկսել է ընկալվել որպես հնացած և գավառացած:
«Վալենտինը քրիստոնեական աշխարհում ընդունված լավ կերպար է, իսկ Սուրբ Սարգիսը մոռացված լինելով տարբեր պատճառներով և ընկալվելով որպես շատ գավառական, գյուղական, հետամնաց երևույթ, այս մրցակցությանը չի դիմանում:
Վալենտինն ավելի մոդեռն է , որովհետև դրա ծեսը ապրել է բնական էվոլյուցիա, զարգացել է: Իսկ Սուրբ Սարգսի ծեսը մնացել է անցյալում և հակոտնյա է ներկա ըմբռնումներին, պատկերացումներին, ճաշակին»,- պարզաբանեց ազգագրագետը` միաժամանակ շեշտելով, որ հայկական ազգային այդ սուրբը դարեդար մեծ նշանակություն է ունեցել և հարգանք:
«Այդ տոնը և նախորդող պասը՝ Առաջավորաց պասը, միայն Հայ Առաքելական եկեղեցին է նշում, այս առումով միշտ կոնֆլիկտ է եղել այլ եկեղեցիների հետ։ Հայ Առաքելական եկեղեցուն միշտ մեղադրել են քրիստոնեական եկեղեցուց դուրս սուրբ ունենալու մեջ։ Մեր եկեղեցին շարունակ փորձել է բացատրել, թե ով է Սուրբ Սարգիսը և թե ինչու է նշում այս տոնը: Արևմտյան եկեղեցիները մեղադրում են հայերին` «հերետիկոսին» սրբագործելու մեջ, մանավանդ, որ Սարգիսը, ավանդապատումների համաձայն, հանդես է եկել որպես հակաքաղկեդոնական` պաշտպանելով հայկական ազգային եկեղեցու շահերը հույն և վրացի հոգևորականների ոտնձգություններից», - նշեց Հ.Խառատյանը:
Ըստ ազգագրագետի` դարերի ընթացքում Սուրբ Սարգսի ժողովրդական կերպարը ձևավորվել է որպես սիրահարների բարեխոս, նրան վերագրվել են նաև մի շարք այլ հզորություններ:
«Օրինակ` Սուրբ Սարգսի կերպարը կապ ունի տիեզերական երևույթների հետ, քանի որ ինքը տիրապետում է երևույթների վրա ազդելու կարողությանը, ինչպես՝ անձրև, ամպրոպ, քամի և այլն։ Նրա օգնություն էին խնդրում ճանապարհում մոլորվածները, վատ եղանակային պայմաններում հայտնված մարդիկ: Սարգիսը դարձել է չարիքներից ազատելու, խեղճ, բայց արդարամիտ մարդկանց օգնության հասնող կերպար», - ասաց բանախոսը:
Խոսելով Սուրբ Սարգսի տոնի հետ կապված աղաբլիթ ուտելու ավանդույթի մասին, Հրանուշ Խառատյանը նշեց, որ դա ունի իր մոգական նշանակությունը` քանի որ փորձ է արվում երազի միջոցով կանխատեսել ապագան: Պատասխանելով հարցին, թե ով պետք է պատրաստի աղաբլիթը, ազգագրագետն ասաց, այդ առումով պատմական աղբյուրներում նշվում է թե այրի և թե ամուսնացած կին, նույնիսկ կույս աղջիկ:
Եզրափակելով, Հ.Խառատյանը շեշտեց, որ Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի տոների միջև լավ ու վատի խնդիր չկա: «Սիրո սրբազան հովանավորի կերպարը հայոց մեջ խիստ էթնիկացվել և առանձնացած է եղել քրիստոնեական աշխարհից։ եթե 1500 տարվա պայքարի միջոցով մեր ժողովուրդը բերել այս կերպարը հասցրել է, մեր կողմից դավաճանություն կլինի, եթե Սուրբ Սարգսին դուրս մղենք մեր կյանքից», - ասաց ազգագրագետը:
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուր Սարգսի տոնը վաղը` փետրվարի 4-ին: Դրան նախորդող գիշերը երիտասարդները կարող են աղաբլիթ ուտել, բայց մինչ այդ պետք է 3 օր ծոմ պահել, իսկ 5 օրը` պաս: Ազգագրագետը շեշտեց, որ սա բացառիկ պաս է, քանի որ արգելվում է նաև աղանձ և փոխինձ ուտել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում