Բոստանջյանին կասկածում են
Ըստ «Հայկական ժամանակի» լավատեղյակ աղբյուրների, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի վերջին հայտարարությունները նրա հարազատ կուսակցությունում` ԲՀԿ-ում, կասկած է հարուցել, որ նա դա անում է ՀՀԿ-ի իր ընկերների խնդրանքով: Խոսքը, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի մասին է: Բոստանջյանը ասել էր, թե ԲՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, ինչը Գ. Ծառուկյանի խոսնակը համարեց Բոստանջյանի անձնական կարծիք:
Ավելի վաղ Բոստանջյանը թերթի թղթակցին ասել էր, թե ԱԺ ընտրություններում հաղթանակ կտանի ՀՀԿ-ն, մինչդեռ ԲՀԿ-ն պայքարում է ԱԺ-ում մեծամասնություն ստանալու համար: Ավելի ուշ Բոստանջյանն ասել էր, որ ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնականով թեկնածուներ չի աոաջադրի, ու որ կոալիցիան համաձայնեցված ձևով կառաջադրի մեծամասնական թեկնածուների: «Իհարկե, ես հավատացնում եմ ձեզ հենց այդպես էլ կլինի»,- ասել էր նա:
Երեկ, երբ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից թերթը մեկնաբանություն է խնդրել, նա ասել է. «Ինձ նման տեղեկատվություն հայտնի չէ, տեղյակ եմ միայն, որ կուսակցության նախագահը տարածքային կառույցների ղեկավարներին հանձնարարել է, որ նրանք բոլոր մեծամասնական ընտրատեղերի համար առաջադրեն 2-3 թեկնածուներ` նրանց թեկնածությունները քննարկելու համար»: