Մալաթիայի քաղաքապետարանը գետնին է հավասարեցրել քաղաքի վերջին հայկական աղոթատեղին
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) պարբերականի` Թուրքիայի Մալաթիայի քաղաքապետարանի ապամոնտաժող խումբը գետնին է հավասարեցրել քաղաքի հայկական գերեզմանոցում կառուցվող վերջին աղոթատեղին:
Աղոթատեղին, որ կառուցվում էր «Մալաթիայի բարեգործ հայերի միության» կողմից հավաքագրված նվիրատվությամբ, ծառայելու էր հանգուցյալներին հուղարկավորելուց առաջ վերջին կրոնական արարողություններ կատարելու համար:
Մալաթիայի քաղաքապետ Ահմեթ Չաքըրը միջադեպի կապակցությամբ ասել է, թե թյուրիմացություն է եղել ու ապամոնտաժող խումբը սխալմամբ է քանդել աղոթատեղին:
«Տարվող շինարարական աշխատանքները առաջացրել են բնակչության դժգոհությունը և մենք ստիպված էինք ուշադրություն դարձնել այդ բողոքներին: Սակայն մենք որոշում էինք կայացրել միայն պահակակետի տանիքը մի քիչ իջեցնելու վերաբերյալ: Ցավոք ապամոնտաժող խումբը հրահանգը սխալ է հասկացել և ուրիշ շինություններ էլ են քանդել: Այս միջադեպի համար ամաչում ենք և փոխհատուցելու համար ամեն հնարավոր բան կանենք: Բացի այդ հարցի առնչությամբ հետաքննություն ենք սկսել»,-ասել է քաղաքապետը:
«Մալաթիայի բարեգործ հայերի միության» նախագահ Խոսրով Քյոլեքթավիթօղլուն միջադեպի կապակցությամբ հայտնելով իր վրդովմունքը, ասել է. «Մեր հանգուցյաները ու՞մ վախեցրեցին: Նրանց հանդեպ ունեցած մեր հարգանքը ու՞մ անհանգստացրեց: Շատ հուսահատված ենք: Առանց այդ էլ «վիրավոր» էինք, նրանք մեր վերքերին աղ լցրեցին»: