«Աղ, ջուր, ալուր, էկե՛ք աղի բլիթ առեք». Հայ սիրահարների տոնի նախօրեն լուսանկարներով
«Աղ, ջուր, ալուր, էկե՛ք, սիրուն աղջիկներ, էկե՛ք աղի բլիթ առեք», -հայ սիրահարների հովանավոր Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախօրեին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու դեմ հավաքված «ջահել-սիրուն» աղջիկներին դիմելով, բացականչում էր աղի բլիթների վաճառական կինը:
Հարսանեկան տարոսիկի նման զարդարած-փաթեթավորած աղի բլիթը կինը վաճառում էր 50 դրամով: «Էս ցրտին առավոտից ստեղ եմ, հեսա ինչ եմ ծախել որ, բա էսքանն ի՞նչ անեմ», -ցույց տալով աղի բլիթներով լի զամբյուղը, դժգոհում էր վաճառականը:
Միայն նա չէր, որ եկեղեցու դիմաց փող էր աշխատում. մյուսների «սեղանիկներին» կային գունագեղ իրեր, փոքր գույնզգույն արհեստական ծառիկներ և այլ զարդարանքներ: Ջահելները գալիս էին, հետաքրքրվում` ինչ արժե ապրանքը կամ գնում էին, կամ ասում «էս ինչ թանկ ես ասում» ու թողնում-հեռանում դեպի եկեղեցի: Այստեղ հոգևորականները պատարագ էին մատուցում:
Վաճառականներից այն կողմ ոստիկանական մեքենան էր կանգնած, իսկ ոստիկաններն էլ հերթով մոտենում էին վաճառողներին, համոզում գնալ «բաժին» ստորագրություն թողնել ու հեռանալ: Հետաքրքրվեցինք` ինչո՞ւ, նրանցից մեկը պատասխանեց. «Իրանք հիմա ապօրինի գործ են անում, թող գան, ստորագրեն, որ էլ չեն անի ու գնան»: Առևտրական կանանցից ոչ մեկը չէր համաձայնում: Ծաղկավաճառ կնոջը նույնիսկ քաշքշեցին ոստիկանները, սակայն նա այդպես էլ «բաժին» չգնաց:
«Բարգավաճ Հայաստան»-ի երիտասարդներն էլ էին տոնը նշում. Սուրբ Սարգիս զորավարի կերպարով տղան երգում էր ու տեղ-տեղ էլ բացականչում. «Շնորհավոր սիրելի սիրահարներ, շնորհավոր»:
Հարակից հրապարակում. Այսօր Սուրբ Սարգսի տոնն է. Հայ երիտասարդները կօրհնվեն
Լուսանկարները` հեղինակի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա