«Առավոտ». Հայկ Գեւորգյանի գործը կարված է սպիտակ թելերով
«Առավոտն» իր խմբագրականում անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին ու ոստիկանության վարկածի կասկածելի դրվագներին, գրում է. «Գործը կարված է սպիտակ թելերով»:
«Հայոց աշխարհն» անդրադառնալով դեպքին եւ հիշեցնելով, որ Հայկ Գեւորգյանը մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ, մեջբերումներ է անում «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանի ասուլիսից. «Փաշինյանը սկսեց պատմել իր հայտնաբերած տուժածների մասին, որոնք իբր չեն բողոքել: Հայտարարեց նաեւ, որ տուժածներից մեկն իրեն ասել է, թե իրեն վրաերթի են ենթարկել Մարտունիում, իսկ իր լրագրողը այդ կողմերում չէր կարող լինել:
Ի դեպ, Փաշինյանը իր գտած տուժածներից մեկի մասին խոսելիս հեգնորեն ասաց. «Ինչ-որ մի գործազուրկ ա»: Շատ հետաքրքիր է, եթե այս կամ այն պաշտոնյան օգտագործում է «բոմժ» կամ «համբալ» բառերը, սրանք իսկական ոռնոց են բարձրացնում՝ անդադար գրելով, թե ոնց կարող է պաշտոնյան իրեն թույլ տալ նման բան: Իսկ երեկ հենց ինքը ծաղրանքով շպրտեց. «Ինչ-որ մի գործազուրկ ա»: