Հասարակական զուգարաններ չլինելու պատճառով, քաղաքացիները օգտվում են հյուրանոցների զուգարաններից
Մայրաքաղաքում հասարակական զուգարանների պակասի, որոշ մասերում էլ դրանց բացակայության մասին բազմիցս բարձրաձայնվել է: Թեման կրկին արդիական դարձրեց վերջերս աղմուկ բարձրացրած, ավելի վաղ ընդունած կառավարության որոշումը, ըստ որի երկու զուգարանի տեղադրման համար պետական բյուջեից էկոնոմիկայի նախարարության առաջարկով ոչ ավելի ոչ պակաս 100 մլն դրամ է հատկացվել:
Ծանոթներիցս մեկը պատմում է, թե ընկերը Վանաձորից եկել է Երևան՝ քաղաքում ման գալու: Մի քանի ժամ Երևանում անցկացնելուց հետո, զուգարանի կարիք է զգում: Դես է նայում, դեն է նայում, զուգարան չի տեսնում: Ծանոթիս ընկերակցությամբ մտնում են «Կոնգրես» հյուրանոց, նստում ֆոյեում, անընդհատ ժամին են նայում, իբր հանդիպման են եկել: Մի քանի րոպե նստելուց հետո վեր են կենում, զուգարանի տեղը հարցնում, կարիքները հոգում, ապա ծածուկ դուրս են գալիս:
Երբ գործընկերներիս մոտ պատմեցի, նրանցից մեկն ավելի ծիծաղելի պատմություն հիշեց: Այլայլված դեմքով ու արագ քայլերով «Պիցցա դի ռոմա» է մտել իր մի ծանոթ պաշտոնյա ու վազել դեպի զուգարան: Հետո դուրս գալուց միայն տեսել է գործընկերներին, բացատրել իրավիճակը:
Panorama.am-ի հետ զրույցում Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող «Կոնգրես», «Էրեբունի պլազա», ինչպես նաև «Անի պլազա» հյուրանոցների աշխատակիցներն ասացին, որ նման դեպքեր շատ են լինում: Զուգարան խնդրողների թիվն ավելանում է հատկապես ամռան ամիսներին, ավելի հաճախ դիմում են տղամարդիկ: Ուրիշ վիճակագրություն չունեն: Հավատացրեցին, որ իրենց դիմող յուրաքանչյուր քաղաքացու համարում են իրենց հյուրն ու օգնում դուրս գալ նեղ դրությունից:
Խնդրին առնչվող մի քանի հարցեր Panoram.am-ը երկու շաբաթ առաջ հասցեագրել է քաղաքապետարանին, օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրացել է, սակայն քաղաքապետարանից ոչ հարցերի պատասխանն է ստացվել, ոչ էլ ավելի ուշ դրանց պատասխանելու մասին ծանուցում:
Քաղաքապետարանից մինչ այդ բանավոր նշեցին, որ բիոզուգարանների ու հասարակական զուգարանների տեղադրման ու կառուցման խնդիրը մասնավոր բիզնեսի շրջանակում է, իսկ քաղաքապետարանը շատ դեպքերում հանդես է գալիս միայն դրանց տեղադրման համար տարածք տրամադրող:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում