ԲՀԿ. Ընտրակարգի վերաբերյալ տեսակետը կձևավորվի փետրվարի 16-ին
Համամասնական ու մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քննարկում չի կազմակերպել և դեռևս տեսակետ չունի: «Մեր տեսակետը կձևավորվի փետրվարի 16-ին, երբ ԱԺ-ում քննարկում տեղի կունենա», -այսօր Հայաստանի քաղաքագետների միության «Politlogos» իրավիճակային վերլուծությունների ակումբի քննարկմանը հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Ըստ բանախոսի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում այդ խնդրի շուրջ կան բազմաթիվ կողմ ու դեմ կարծիքներ, և միայն հաշվի առնելով հանրության ու խորհրդարանական լսումների արդյունքում ձևավորված կարծիքները` կուսակցությունը կներկայացնի իր տեսակետը։
Ա.Սաֆարյանի կարծիքով` խնդրի լուծում կարող է լինել ոչ թե 100%-անոց համամասնականին անցնելը, այլ՝ համամասնականի տեղերի ավելացումը։ «Համամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների քանակի մեծացումը կբերի քաղաքական կուսակցությունների կշռի ավելացմանը»,- ասաց քաղաքական գործիչը: Միաժամանակ նա անհեռատես համարեց երկպալատ Ազգային Ժողովի գաղափարը, նշելով, որ Հայաստանի Հանրապետության նման ունիտար և տարածքով փոքր երկրի համար այդպիսի խորհրդարան ունենալն նպատակահարմար չէ:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ պատրաստ են օգնել ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովին` քաղաքական լսումների հրավիրել ոչ միայն քաղաքական ուժերի, այլև գիտական շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչու՞ է «Բարգավաճ Հայաստանը» որոշել բարձրաձայնել 100% համամասնական համակարգին անցնելու հնարավորությունների մասին, Ա.Սաֆարյանը ասաց, որ «մինչ այս 100% համամասնականի խնդիրը քաղաքական դաշտում օրակարգային չէր»: «Մենք կարևորում ենք կառուցողական մոտեցումը և հարցի լուծմանն օգտակար լինելը»,-հավելեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա