Ազգային տուրիզմի առանձնահատկություններից` Մուշ, թե՞ Անթալիա
Այստեղ, նախևառաջ կցանկանայինք տարանջատել Հայաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների երկու հիմնական հոսքերը` դեպի պատմական Հայաստան ու Կիլիկիա և երկրորդ դեպի թուրքական տարբեր հանգստավայրեր, ծովափեր և զվարճանքի կենտրոններ այցելող զբոսաշրջիկներին:
Իհարկե, դա նորմալ է, որ հայ քաղաքացիները նույնպես կարող են մեկնել Թուրքիա գործարարությամբ զբաղվելու, գիտական սեմինարների մասնակցելու, կամ էլ թեկուզ հանգստանալու և պատմական հայրենիքը տեսնելու համար: Սակայն, այստեղ, իմ կարծիքով աննորմալ է զբոսաշրջիկների այդ հոսքերի անհամաչափությունը (մի կողմ թողնենք այլ նպատակներով Թուրքիա այցելողներին):
Առաջին հոսքը, նրանց անվանենք ուխտավորներ, մոտավոր հաշվարկներով տարեկան կտրվածքով չի գերազանցում հազար հոգին, որի մի մասն էլ սփյուռքահայեր են: Այն դեպքում, երբ Անթալիա և նմանատիպ հանգստավայրեր Հայաստանից այցելողների քանակը ըստ մամուլում հանդիպող հաղորդագրությունների, կազմում է տարեկան մոտ 50 հազար մարդ:
Պատկերացնել հնարավոր չէ, այդ ինչպես է, որ ամեն քայլափոխում հայրենասիրությունից և ազգային արժանապատվությունից շատ սիրել խոսող ազգում 1-ը 50-ի հարաբերակցություն է կազմում Թուրքիա մեկնողների այդ անհամաչափությունը:
Չեմ ուզում կրկնվել, թե դրանով հարստացնում ենք թուրքական բյուջեն կամ Հայաստանից բավականին արտարժույթ է դուրս հոսում (տարեկան մոտ 30 մլն. զբոսաշրջիկ է Թուրքիա այցելում և Թուրքիայի տնտեսական հզորությունը ամենևին էլ կախված չէ Հայաստանի զբոսաշրջիկների այցելություններից):
Պետք է հայերը գնան Թուրքիայում հանգստանան, թե ոչ, իհարկե դա յուրաքանչյուր հայի անձնական գործն է և ոչ ոք իրավունք չունի այդ մարդկանց մեղադրելու, առավել ևս ինչ որ պիտակներ կպցնելու: Չնայած, ես ևս մեկ անգամ հնարավորության դեպքում կայցելեի պատմական Հայաստանի որևէ վայր` Կարս, Մուշ, Անի, Վան, Սիս, Մուսա լեռ և այլ, բայց ոչ երբեք թուրքական ծովափում հանգստանալու կամ զվարճանալու:
Երբ մարդկանց հետ զրուցում ես և ասում, որ ուխտագնացության ես մեկնելու Արևմտյան Հայաստան, բոլորն էլ ոգևորվում են և խնդրում, որ տեղյակ պահեմ այնտեղ գնալիս, քանի որ իրենք էլ են ցանկանում անպայման միանալ: Սակայն երբ գալիս է ժամանակը հանկարծ հրաժարվում են, ոմանք խիստ զբաղված են, ոմանք էլ գումար չունեն և ամենազավեշտալին այն է, որ կան մարդիկ, որոնք ասում են, որ նախ սկզբից կցանկանային գնալ Անթալիա, Ստամբուլ, Եգիպտոս կամ Դուբայ հանգստանալու, հաջորդ անգամ` երևի Արևմտյան Հայաստան: Իսկ շատերի համար էլ դա անհասկանալի բան է, կամ ֆինանսների և ժամանակի անիմաստ վատնում:
Հասկանալի է, որ Արևմտյան Հայաստան ուխտագնացություն մեկնելու համար մարդ պետք է հասունացած լինի, որոշակի հոգեբանական պատրաստվածություն և գիտելիքների մակարդակ ունենա, որը պարտադիր չէ Անթալիա համգստանալու համար (որը, նույնպես Կիլիկիայի հայկական թագավորության մի մասն է եղել կարճ ժամանակով): Իհարկե գնացողների համար դժվար է, այն բարոյական և հոգեբանական ճնշմանը դիմագրավել, երբ նախկին հայկական քաղաքները և գյուղերը թրքացված կամ քրդացված ես տեսնում, երբ եկեղեցիները քանդված կամ ավերված են: Անշուշտ ցավալի է, որ հայերի կառուցած բերդերի, ճարտարապետական և մշակութային հուշարձանների հաշվին թուրքական տուրիստական ինդուստրիան միլիոնավոր դոլլարներ է աշխատում: Սակայն այստեղ ամենակարևորը այն է, որ տեսնելուց հետո կորցրած Հայրենիքը ավելի իրական, տեսանելի ու շոշափելի է դառնում, հասկանում ես թե ինչ է այն, ինչ ես ուզում և ինչի համար պետք է պայքարես:
Եվ, երկրորդ ամենակարևորը, թուրքական պետությունը, այնտեղ բնակվող թուրքը և քուրդը, այդ վայրերում անընդհատ հայերի տեսնելով, կհասկանան, որ այդ հողը տեր ունի, որ այդ տերը հայն է, որն այնքան է գալու և գնալու, մինչև որ ամեն ինչ իր տեղը ընկնի: Իսկ թուրքական բյուջեն, ոչի՛նչ թող Անթալիայի փոխարեն Կարս կամ Մուշ այցելող ուխտագնացների հաշվին լցվի:
Հեղինակ` Սարգիս Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում