Սարիբեկյան. «Չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում «բարեփոխումների կողմնակիցները պարտություն են կրում»
«Oxford Analytica» պարբերականը անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին ընթացքին` նշելով, որ Զինված ուժերում օրինաչափություն դարձած զոհերի և ոչ մարտական պայմաններում մահացությունների խնդիրը լուծելու ձախողումը քայքայում է պաշտպանության ոլորտում բարեփոխումների վերջին շրջանի առաջընթացը: Պարբերականում նաև նշվում է, թե Հայկական բանակի բարեփոխումների կողմնակիցները պարտություն են կրում:
Թեմայի շուրջ, Panorama.am-ը զրուցեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանի հետ, ում համար անհասկանալի է, թե ինչ աղբյուրների հիման վրա է արված վերլուծությունը:
Ըստ պատգամավոր, վերջին շրջանում բանակում իրականացվող բարեփոխումները մեծ թափ են հավաքել, ինչն առավել տեսանելի կլինի մի քանի տարի անց: Որպես կարևոր փաստ` Կ. Սարիբեկյանը նշեց, որ տևական ժամանակ է, համապատասխան հանձնաժողովում քննարկվում է ՊՆ նոր կանոնագրքի ընդունման հարցը, որում բավականին մեծ որակյալ փոփոխություններ են իրականացվել:
«Չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում «բարեփոխումների կողմնակիցները պարտություն են կրում» արտահայտությունը: Ընթացիկ ու արմատական բարեփոխումներ բոլոր ոլորտներին են անհրաժեշտ, և դրանք իրականացվում են»,- հավելեց նա:
Նույն թեմայի շուրջ, ռազմական փորձագետ Արթուր Պետրոսյանը նշեց, որ բարեփոխումների պրոցեսն ինքնանպատակ չի իրագործվում, և դրա առկայությունը կարելի է գնահատել միայն անհրաժեշտ հիմքերի առկայության կամ բացակայության պայմաններում:
«Մինչ բուն թեմային անդրադառնալը, պետք է պարզել, թե որպես հիմք ինչ փաստ է վերցրել նշյալ վերլուծական պարբերականը, ի՞նչ աղբյուրների հիման վրա է կազմվել դա: Այն, որ վերջին շրջանում նման թափանցիկություն է մտցվել բանակում առկա խնդիրների քննարկումների հարցում, արդեն իսկ խոսում է բանակում ընթացող բարեփոխումների ընթացիք մասին: Գիտեք, ոչ-ոք չի ասում, թե բանակում խնդիրներ չկան, անիմաստ է նույնիսկ նման արտահայտություններ հնչեցնելը, սակայն պնդել, որ բանակում իրականացվող բարեփխումները տապալվել են կամ դանդաղում է, կարծում եմ ճիշտ չէ»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Հարցին, թե՝ արդյո՞ք բանակի ղեկավար կազմում կա այնպիսի պաշտոնյա, ով արգելակում է բանակում իրականացվող բարեփոխումների ընթացքը` փորձագետը նշեց. «Չեմ կարծում, համենայնդեպս, համոզված եմ, որ բոլորն էլ գիտակցում են բանակում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը:
Հարցին, թե՝ այդ դեպքում, արդյո՞ք բանակում վերացած է «Դեդովշինան» հասկացողությունը, ինչի առկայության մասին նշվում է նաև վերլուծականում, վերջինս ասաց. «Նախ անհրաժեշտ է սահմանել, թե ի՞նչ է «Դեդովշինան», համենայնդեպս, ի՞նչ են հասկանում վերլուծականի հեղինակները: Միայն դրա սահմանումից հետո կարելի է հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի պարբերականը դրա առկայության մասին վերլուծություն կազմելիս: Եթե խոսքը Խորհրդային բանակում սահմանված երևույթի մասին է, ապա կարող եմ միանշանակ ասել, որ նման բան չկա: Միգուցե խոսքը, այսպես ասած, լիդեր զինծառայողների մասին է, բայց լիդերներ կան նաև հասարակության մեջ: Տարբերությունն այն է, թե ինչ դեր են կատարում այդ լիդերները բանակում»:
Այնուհետև ռազմական փորձագետը հավելեց. «Նայեք, մեկ օրինակ բերեմ: Ըստ իմ տեղեկատվության, Հունաստանի ռազմական հաստատություններում, 4-րդ կուրսի կուրսանտը համարվում է 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսում սովորող կուրսանտների հրամանատարը, նրանք պարտավոր են իրականացնել վերջիններիս հրամանները, արդյո՞ք դա էլ կարելի է համարել «Դեդովշինայի» դրսևորման ձև»:
Մեկնաբանությունների հետ կապված Panorama.am-ը դիմեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանին, ով նշեց, որ վերլուծականի վերաբերյալ նախարարությունը հանդես կգա ավելի ուշ: