Խնդիրը մի պատառ ավել պոկելն է, ոչ թե հաղթելը
Տևական ժամանակ արդեն քննարկումներ են ընթանում ընտրակարգի փոփոխության կամ դրա անհրաժեշտության մասին, սակայն մի կարևոր հանգամանք մշտապես մնում էր այդ քննարկումներից դուրս: Հավանաբար, դա այդպես էլ աննկատ կմնար, եթե ԲՀԿ քարտուղար Արամ Սաֆարյանն այսօր խնդրո առարկան ուղղակի չձևակերպեր:
«Համամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների քանակի մեծացումը կբերի քաղաքական կուսակցությունների կշռի ավելացմանը»,- հայտարարել է քաղաքական գործիչն ու նշել, որ խնդրի լուծում կարող է լինել ոչ թե 100%-անոց համամասնականին անցնելը, այլ՝ համամասնականի տեղերի ավելացումը։ Ըստ էության, Արամ Սաֆարյանը հրաշալի կերպով ձևակերպել է հարցը քաղաքական օրակարգ բերողների մոտիվացիան: Մինչ դրան անցնելը, սակայն, մի քանի դիտարկում, այնուամենայնիվ,մ պետք է:
Որտեղի՞ց է համոզվածությունը, որ ընտրակարգի փոփոխությունը կհանգեցնի կուսակցությունների կշռի ավելացմանը: Կայացած երկրներում, անկախ ընտրական համակարգից, առկա են նորմալ, կշիռ ունեցող կուսակցություններ: Օրինակ, Մեծ Բրիտանիայում հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ է գործում և այնտեղի կուսակցություններն իրենց կշիռով չեն զիջում իտալական կուսակցություններին, որոնք ընտրությունների մասնակցում են համամասնական ընտրակարգով: Ավելին` եթե մի փոքր խորքային հետազոտություն կատարվի, կպարզվի, որ մեծամասնական ընտրակարգի պայմաններում քաղաքական կուսակցությունները շատ ավելի խոշոր են, ինստիտուտացված ու մեծ կշիռ ունեցող: Առիթի դեպքում դրա պատճառները կքննարկենք: Այս պահին փաստենք, որ կուսակցությունների կշիռը ընտրակարգից չի ածանցվում:
Վերադառնանք Արամ Սաֆարյանի հայտարարությանը` խնդրի լուծում կարող է լինել ոչ թե 100%-անոց համամասնականին անցնելը, այլ՝ համամասնականի տեղերի ավելացումը: Ուշադրություն դարձրեք, որ խնդիր` որպես այդպիսին, չի ձևակերպվում, չի սահմանվում բայց` առաջարկվում է դեղատոմս: Այս պայմաններում խնդիրը պետք է ձևակերպի, հավանաբար կողքից քննարկումներին հետևողը, իսկ դրա համար բանալի ունի միայն ներկայացված դեղատոմսը:
Այսպիսով` ի՞նչ խնդիր կարող է լուծել համամասնական տեղերի ավելացումը: Գործնականում այդ կերպ լուծելի միակ խնդիրն այն է, որ ձայների միևնույն պաշարի դեպքում հնարավոր է դառնում ավելի շատ մանդատներ ձեռք բերել: Օրինակ, նախորդ ընտրություններում ԲՀԿ-ն ստացել էր ընտրողների ձայների 15.13%-ը, ինչը համապատասխան բանաձևի կիրառման արդյունքում հանգեցրեց այն բանին, որ ԲՀԿ-ն ստանա համամասնական 90 մանդատներից 18-ը (մեկ հինգերորդը): Եթե որոշվում է համամասնական մանդատների թիվն ավելացնել և հասցնել, դիցուք` 100-ի, ապա միևնույն արդյունքներով ԲՀԿ-ն կունենար 20 մանդատ, այսինքն` 2-ով ավելին: Նույնը մյուս կուսակցությունների դեպքում` ՀՅԴ-ն էլ կստանար երկու, իսկ «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը մեկական ավել մանդատ: Հիմա համեմատեք՝ ո՞րն է հեշտ` երկու լրացուցիչ մանդատը ընտրակարգերի հարաբերակցությունը փոխելու՞ գնով, թե՞ երկու ընտրատարածքում «կենաց մահու կռվով», որտեղ գործում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը: Թվում է,մ ամեն ինչ տրամաբանական է ու հասկանալի:
Այնուհանդերձ կա մի բայց: Երբ քաղաքական ուժը վստահ է իր հաղթանակին և գնում է այդ հաղթանակի հետևից, մեխանիզմներն ու ընտրակարգերը դառնում են երկրորդական: Հիշում եք, որոշ ժամանակ առաջ առանձին կուսակցություններ աջ ու ձախ վստահեցնում էին, որ 50%+1 ձայներ են հավաքելու: Բանն այն է, որ երբ քո էլեկտորատն իսկապես հասարակության կեսից ավելին է, ընտրակարգի հարցը երկրորդական է դառնում: Ավելին` մեծամասնականը գերադասելի է, որովհետև այդ դեպքում գործում է` «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքը, և մրցակիցները, համապատասխանաբար, զրկվում են «ամեն ինչից»: Ստացվում է, որ քաղաքական պրոցեսի այն մասնակիցները, ով իսկապես վստահ է իր հաղթանակի մեջ, պետք է ձգտի մեծամասնական ընտրակարգի: Ճիշտ է նաև հակառակը` նրանք, ովքեր խուսափում են մեծամասնականից, սեփական հաղթանակի մեջ վստահ չեն:
Եթե ընտրակարգի խնդրի արծարծումը դիտարկենք այս բանաձևի շրջանակներում, որն ի վերջո հանգում է հետևյալին` սահմանեք 100%-անոց համամասնական, եթե ոչ` ավելացրեք համամասնական տեղերը, ապա կստացվի, որ թեման շոշափողներն ընդամենը մի քանի ավել տեղ պոկելու խնդիր են լուծում և ընտրություններից առաջ կանխատեսում են իրենց պարտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա