««Կովալ» չի, «կաշմար» ա». Սասուն Միքայելյանը խախտումների մասին է բարձրաձայնում
Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը շարունակվում է: Այստեղ քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուները երկուսն են` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և արցախյան ազատամարտի հերոս, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը Սասուն Միքայելյանի հետ
-Ինչպե՞ս է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավն ընթանում, պարոն Միքայելյան
Բարձր մակարդակով
Ի՞նչ է դա նշանակում
Ժողովրդի բարձր տրամադրությամբ և մասնակցությամբ
Քարոզարշավի ընթացքում ձեր նախընտրական շտաբը խախտումներ արձանագրե՞լ է
-Վարչական լծակներ, այո, հակառակորդը օգտագործում է
Մասնավորապես, ի՞նչ է անում
-Մասնավորապես, մարդկանց են ահաբեկում, ուսուցիչները քարոզ են անում, սպառնում են գործից ազատել աշխատողներին: Ինչ հնարավորություն ունեն, այն էլ անում են:
-Փաստեր ունե՞ք, պարոն Միքայելյան
Ունեմ, հըմի ընգնեմ դրանց հետևի՞ց: Պետք ա, կտանք: Աշխատողներին ահաբեկում են` եթե չեթաք ընտրեք, աշխատանքից կազատենք: Էլեկտրացանցերից են աշխատանքից ազատել, ուսուցչական կոլեկտիվները ամեն դպրոցից տասը հոգի մարզպետի հրահանգով գործից հետո մարդ են ուղարկում տներ, որ քարոզչություն անեն: Մարզպետն (Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը) ի պաշտոնե պարտավոր է հավասարություն պահի, ի՞նչ իրավունքով է նման բաներ անում:
-Պարոն Միքայելյան, Panorama.am-ին տված հարցազրույցում Կովալենկո Շահգալդյանը մասնավորապես, այսպիսի դիտարկում է արել` «Սասունը սկի իրա կարիքը չունի` ուր մնաց ժողովուրդն իր կարիքն ունենա»: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-«Կովալը» էս ժողովրդի աչքին էլ «Կովալ» չի, «կաշմար» ա: Այդ «կաշմարից» Միքայելյան Սասունը ընենց ա անելու, որ էս ժողովուրդը ազատվի: «Կովալ» դու «կաշմար» ես դառել էս ժողովրդի համար ու դու, «կաշմար», հեռանալու ես իմ օգնությամբ:
-Ադյո՞ք մարզպետի այս հայտարարությունը նշանակում է, որ նրանք հույսը դրել են կեղծիքների վրա
-Բա ինչի՞ վրա պետք ա հույսները դնեն: Ժողովրդի անունից, ժողովրդի լեզվով ա խոսում: «Կովալն» ընդհանրապես ժողովրդի հետ կապ ունի՞. էսքան տարի ալան-թալան արին, պաշտոնն օգտագործել ա իրա շահերի համար, ինչ ա արել ժողովրդի համար, որ ըտենց դուրս ա տալիս: Կուսակցությունից կուսակցություն ընգավ, էկավ-հասավ Հանրապետական, հիմա ես էլ դարձել եմ էս ժողովրդի աչքի փուշը, հա՞: Եթե իրանք թողեն նորմալ ընտրություններ գնան, 15-20 տոկոս ձայն հազիվ հավաքեն: Բայց դե ժամանակը ցույց կտա, ամսի 13-ին կխոսենք: