Երևանցիներն այլ երկրների քաղաքացիների պատճառով չեն ուզում վտանգել առողջ միջավայրում ապրելու իրենց իրավունքը
Երևանի Սայաթ-Նովա պողոտայի, Թումանյան, Նալբանդյան և Ա. Պետրոսյան փողոցների բնակիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ հակառակ քաղաքապետարանի տարածած տեղեկատվության, Նալբանդյան 106/1-ի հարակից շենքերի բնակիչների և քաղաքապետարանի միջև որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:
Նրանք ասացին, որ դեմ են ցանկացած բաձրահարկի շինարարությանը, որը վտանգում է առանց այդ էլ ոչ բավարար սեյսմակայունություն ունեցող շենքերի հիմքերը, բնական լուսավորությունը, մարդկանց առողջ կենսամիջավայրը:
Հիշեցնենք, 2010 թվականին Նալբանդյան 106/1 հասցեում նախկին մանկապարտեզի տեղում, սկսվել է բազմահարկ շենքի շինարարական աշխատանքներ:
Բնակիչները արդեն նամակով դիմել են քաղաքական կուսակցություններին` ներկայացնելով խնդիրը: Այսօր նրանք դիմել են Երևանի քաղաքապետին.
«2010 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության N 1258-Ն որոշմամբ Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ և տարածք ձեռք բերող է սահմանվել «Ավագ Շին» ՍՊԸ-ն: Նույն որոշման հիմնավորման 1ա. կետում նշվում է, որ քաղաքի հիշյալ հատվածում պետք է կառուցվեն «բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի»: Վերոհիշյալ որոշումն ընդունվել է՝ խախտելով 2005թ. նոյեմբերի 15-ին ընդունված Նախադպրոցական կրթության մասին օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ ենթակետը, համաձայն որի «պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով»:Մեր ստացած բոլոր պաշտոնական փաստաթղթերից և մասնագետների գնահատականներից դատելով` կարելի է եզրակացնել, որ նշված տարածքում բնակելի շենքերի կառուցումը շրջակա շենքերի բնակիչներին կկանգնեցնի աղետալի վիճակի առջև: … Տարածքի «բարեկարգումը» «բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղիի» կառուցման հաշվին, չի բխում ո'չ մեր առողջական, ո'չ էլ բարեկեցության շահերից: Մենք դեմ ենք Նալբանդյան 106/1-ի տարածքում, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 33 կետի երկրորդ ենթակետով ամրագրված մեր իրավունքից, ըստ որի «Յուրաքանչյուր ոք իրավունք ոնի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում»:… Մենք հավատքով ենք լցված Ձեր հանդեպ: Մենք լիահույս ենք, որ լինելով երիտասարդ քաղաքապետ և վաստակավոր հոր արժանի ժառանգ, Դուք կարող եք մեկ վճռական քայլով մեկընդմիշտ լուծել այս խնդիրը, ինչը, անկասկած, բարձր կգնահատվի ողջ հանրության կողմից: Այս պահից սկսած` այս հարցում մեր բոլոր ակնկալիքները և անհաջողության դեպքում` հիասթափությունները մենք կապում ենք Ձեր անվան հետ»:
«Ի՞նչ է նշանակում հանրային գերակա շահ: Այլ երկրների քաղաքացիներին Երևանի կենտրոնում բնակարաններով ապահովելու համար մենք չենք ուզում վտանգել մեր երեխաների և մտերիմների` առողջ միջավայրում ապրելու իրավունքը», - ասացին բնակիչները, ովքեր առաջարկում են վերականգնել մանկապարտեզի քանդված շենքը և ևս երկու հարկ կառուցել` քանդված սեփական տների բնակիչներին ապահովելու նպատակով:
Ինչ վերաբերում է մնացած բակային տարածքին, ապա բնակիչները պատրաստ են իրենց վրա վերցնել այդ հանրային տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքների կազմակերպումը:
Ասուլիսին ներկա քաղաքապետարանի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը նշեց, որ նույնիսկ հակառակ բնակիչների ցանկությանը, բակը պետք է բարեկարգվի, իսկ այդ բարեկարգումը քաղաքապետարանը պատկերացնում է միայն բարձրահարկ կառուցելու միջոցով: «Եթե բնակիչներն իրենց մերժողական կեցվածքը չհիմնավորեն լուրջ փաստարկներով, շենքը պետք է կառուցվի», - հայտարարեց Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում