«Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել ՀՊՃՀ ներկայացուցիչները
Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում այսօր խորհրդարան էին այցելել ՀՊՃՀ մի խումբ ուսանողներ ասպիրանտներ, մագիստրոսներ և դասախոսներ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նրանք նախ ներկա գտնվեցին Ազգային ժողովի լիագումար նիստին, այնուհետև հանդիպեցին Ազգային ժողովի նախագահի հետ: Այսօր նաև լրացավ Սամվել Նիկոյանի` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու երկու ամիսը, ինչի առթիվ հանդիպման մասնակիցները շնորհավորել են նրան, իսկ անմիջական զրույցի ընթացքում ԱԺ նախագահին ուղղել են իրենց հարցերը:
Մինչ այդ Ազգային ժողովի նախագահը «Բաց դաս»-ի մասնակիցներին հակիրճ ծանոթացրել է խորհրդարանի գործունեությանն ու գործառույթներին` օրվա նիստի օրինակով անդրադառնալով օրենսդրական աշխատանքին: Ինչ վերաբերում է «Բաց դաս» ծրագրին, ԱԺ նախագահի խոսքերով, դրա նպատակը ոչ միայն ուսանողներին, դպրոցականներին խորհրդարանի աշխատանքներին ծանոթացնելն է և օրենսդիր բարձրագույն մարմնի ղեկավարության ու ներկայացուցիչների հետ անմիջական շփման հնարավորությունը, այլև հարցուպատասխանի, անմիջական զրույցների միջոցով ծրագրի մասնակիցների համար հրապարակային գործունեության, հաղորդակցության փորձ ձեռք բերելու ասպարեզ ստեղծելը:
Սամվել Նիկոյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին և անձամբ ԱԺ նախագահին ու նրա քաղաքական գործունեությանը, և խորհրդարանում քննարկվող օրինագծերին, և հասարակական կյանքի տարբեր ոլորտների: