Կոալիցիոն գործընկերները ԱԺ-ում կրքեր են բորբոքում. նիստն ընդմիջվեց
Ազգային Ժողովում առավոտ կանուխ բորբոքվեցին կրքերը. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, վարման կարգով ելույթի հնարավորություն ստանալով, խմբակցության անունից ՀՀԿ-ական գործընկերներին պատասխանեց նախօրեին իրենց հասցեին հնչեցված բոլոր արտահայտությունների մասով: Ավելին` մեղադրեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին նախօրեին կամայական կերպով իրեն ԲՀԿ խմբակցության տեսակետը հայտնելու հնարավորությունից զրկելու համար:
Հիշեցնենք նախօրեին «Բարգավաճ Հայաստանը» «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» նախագծին դեմ քվեարկեց և հենց դրանով էլ արժանացավ կոալիցիոն գործընկերների քննադատությանը:
«Թե այս ամբիոնից, թե տարբեր լրատվամիջոցներով ԱԺ նախագահի և ՀՀԿ-ական տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ արտահայտություններ հնչեցին ԲՀԿ-ի հասցեին, հարկ եմ համարում հիշեցնել, որ մեր խմբակցությունը երեկ քվեարկվող նախագծի վերաբերյալ բազմիցս բոլոր քննարկումների ժամանակ հայտնել է հստակ իր «դեմ» դիրքորոշումը` քվեարկելով իր համոզմունքներին համաձայն և այդպիսով` ապացուցելով մեր գործի ու խոսքի համարժեքությունը»,- քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
Անդրադառնալով այն գնահատականներին, թե նախագիծը կոռուպցիայի դեմ պայքարի հերթական գործիք է, Ն.Զոհրաբյանը բոլոր այդ հայտարարությունները որակեց ամպագոռգոռ. «Բոլորիս համար պարզ է, որ այս նախագիծը կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ, իսկ նախագծի հիմնական նպատակը մեկն է` լրացուցիչ արտոնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար ի հաշիվ հանրապետության քաղաքացիների», - ևս մեկ անգամ ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը շեշտեց պատգամավորը:
Ն.Զոհրաբյանը դեռ չէր ավարտել իր խոսքը և իր ելույթի այն հատվածում, որում նա տնտեսագիտական մտքի տիտաններին խորհուրդ էր ուզում տալ ԱԺ նախագահը ԲՀԿ-ական զայրացած պատգամավորի խոսափողն անջատեց` լրացան վարման կարգով տրվող րոպեները: Այնպես որ, թե ինչ խորհուրդ էր ցանկանում տիկին Զոհրաբյանը տալ տնտեսագիտական մտքի տիտաններին, ինչպես նաև ԲՀԿ-ի հասցեին «ոչ կոռեկտ արտահայտություններ» արած ՀՀԿ-ական գործընկերներին անհասկանալի է:
Ինչ վերաբերում է բարիկադների մյուս կողմում հայտնված ՀՀԿ-ականներին, ապա Ն.Զոհրաբյանից անմիջապես հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վարման կարգից օգտվելով հայտարարեց 20 րոպե ընդմիջում, ինչը ակնհայտ դուր չեկավ ԱԺ նախագահին. վերջինս միայն թոթվեց ուսերը: Այս պահին Ազգային Ժողովի նիստը ընդմիջված է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում