Կիրիենկոն բարձր է գնահատել ՀԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը: Կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ խոշոր ծրագրերի շուրջ հայ-ռուսական համագործակցության նախագծերից մեկը:
Սերգեյ Կիրիենկոն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումներ է ունեցել, այցելել է նաև Մեծամորի ատոմակայան, դիտել գործող էներգաբլոկի, ինչպես նաև նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը:
«Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է և՛ ՄԱԳԱՏԷ-ի, և՛ Եվրամիության, և՛ Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի համար: Սա շատ ճիշտ մոտեցում է և՛ գործող կայանի աշխատանքի, և՛ նրա անվտանգության լրացուցիչ միջոցների, և՛ նոր շինարարության տեսանկյունից»,-ասել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
Ս. Կիրիենկոն բարձր է գնահատել նաև ՀԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նշել, որ մշակված է հետագա համագործակցության հստակ աշխատակարգ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Նախորդող հրապարակում`
Ս.Կիրիենկո. «Նոր ատոմակայանի շահագործումն ու ղեկավարումն անկասկած պետք է իրականացնի Մեծամորի ղեկավարությունը»