Ս.Կիրիենկո. «Նոր ատոմակայանի շահագործումն ու ղեկավարումն անկասկած պետք է իրականացնի Մեծամորի ղեկավարությունը»
«Հարցը, թե ո՞վ պետք է շահագործի նոր ատոմային կայանը, անգամ կասկած մոտս չի առաջացնում. հաշվի առնելով ատոմակայանի աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը և մասնագետների կոմպետենտությունը` կայանի ղեկավարումն ու շահագործումը պետք է իհարկե իրականացվի Մեծամորի ատոմակայանի ղեկավարությունը»: Այս մասին այսօր Երևանում լրագրողներին հայտնեց «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
Վերջինս այսօր անձամբ այցելել է Մեծամորի ատոմակայանում, որտեղ իր իսկ գնահատմամբ, հանդիպել է բավականին պրոֆեսիոնալ անձնակազմ ու կոմպետենտ մասնագետների: Ս.Կիրիենկոն նշեց, որ շատ բարձր է գնահատում այն աշխատանքը, որ նրանք տանում են ատոմակայանի շահագործման ու անվտանգության նորմերի ապահովման առումով:
Գալով ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանն ու շահագործմանը վերաբերող հարցին` պաշտոնյան հիշեցրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև վաղուց կա պայմանավորվածություն, որ Մեծամորի գործող բլոկում կիրառվելու է ջրածնային ռեակտորների ռուսական, ժամանակակից տեխնոլոգիան: Իսկ Ռուսաստանն այսօր առաջարկում է կառուցել բոլորովին նոր, ժամանակակից «3+» դասի էներգաբլոկ, որոնք այսօր կառուցվում են հենց ՌԴ-ում:
Խնդիրը նրանում է, բացատրեց «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը, որ Ֆուկուսիմայից հետո ի հայտ է եկել «անվտանգության հետֆուքուշիմյան նորմեր» հասկացությունը.
«Կարելի է վստահորեն ասել, որ ժամանակակից ռուսական էներգաբլոկերը այսօր գրեթե միակ բլոկերն են, որոնք համապատասխանում են անվտանգության հետֆուկուսիմյան պահանջներին: Այսինքն` եթե այս բլոկը լիներ երկրաշարժի կամ ցունամիի առավելագույնս հարվածի ժամանակ Ֆուկուսիմայում, ապա անվտանգությունը կպահպանվեր ու ոչինչ չէր լինի»,- նշեց նա:
Իր խոսքերով` այս ամենը ոչ թե թղթի վրա է միայն, այլ գործով կյանքի կոչված, այսինքն կառուցված և Հայաստանին էլ առաջարկում են նոր ատոմակայանի կառուցման համար կիրառել ռուսական այս տեխնոլոգիաները:
Իսկ այդ գործընթացի ողջ կազմակերպչական ու նախապատրաստական աշխատանքը դրված է հայ-ռուսական «Մեծամորատոմէներգո» ընկերության ուսերին, որում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների մասնաբաժինը 50 / 50 է.
«Այս պահին հիմնական աշխատանքը բնապահպանական խնդիրների ու անվտանգության պահպանման կոնտեքստում է, ինչպես նաև ձևավորվում է հարցի ֆինանսական լուծման խնդիրը, թեև հասկանալի է, որ քանի որ ատոմակայանը տեղակայված է Հայաստանում, ապաև հիմնական ներդրումները պետք է կատարի հայկական կողմը, բայց մենք քննարկում ենք ռուսական կողմի ներդրումների հնարավորության հարցը ևս»,- հավելեց նա: