Շեբեյ. Թուրքիան բացարձակ տեղ չունի եվրոպական ընկերակցության մեջ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Սլովակիայի Ազգային Խորհուրդի /ԱԽ/ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Շեբեյը հանդիպել է ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունման հարցերը:
Ըստ աղբյուրի, կողմերը հանգել են այն եզրակացության, որ Սլովակիայի ԱԽ-ի կողմից 2009թ-ին ընդունված օրենքը, որի քննարկումներին պարոն Շեբեյը ցավոք չի մասնակցել, այդ ժամանակվա խորհրդարանի անդամ չլինելու պատճառով, չափազանց կարևոր են արդարությունը վերականգնելու և Հայոց ցեղասպանությունը ու Հոլոքաուստը մի հարթության վրա բերելու նպատակով:
Ըստ պարոն Շեբեյի, դա առաջին հերթին անհրաժեշտ է հրեա ժողովրդի համար, քանի որ դրանից Հոլոքաուստի ողբերգությունն առավել կընդգծվի: Պարոն Շեբեյը միտք է հայտնել նաև, որ մեծ շանսեր կան Իսրայելի Կնեսետում մոտալուտ ժամանակներս Հայոց ցեղասպանության ընդունման հարցում: Ըստ պարոն Շեբեյի, Սլովակիայի ԱԽ-ը և 2004 և 2009 թթ-ին իր հայտնի որոշումներով հարգանքի տուրքն է մատուցել Թուրքիայի վայրագ, ապամարդկային գործուղություններից տուժված հայ ժողովուրդին: Ըստ նրա այսօրվա Եվրոպան հիմնվում է 3 կարևոր հենասյունների վրա. առաջինը` քրիստոնեական, երկրորդը հրեական արժեքների և երրորդը հունական անտիկ մշակույթի: Ելնելով վերոհիշյալից պարոն Շեբեյը գտնում է, որ Թուրքիան բացարձակ տեղ չունի եվրոպական ընկերակցության մեջ, քանի որ նա խիստ հեռու է ժամանակակից քաղաքակրթության արժեհամակարգից: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը նա համարում է անլուրջ և անիրականալի, մանավանդ որ այսօր Թուրքիան սկսել է դեգերել Պան Իսլամիզմի, Պան Թուրքիզմի և ԵՄ-ին միանալու ուղիների խաչմերուկում:
Վերջում Ֆրանտիշեկ Շեբեյը մեծ ցանկություն է հայտնել, պարոն Գրիգորյանի հրավերով այցելելու Հայաստան և Արցախ` պետականորեն առաջին քրիստոնյա ժողովրդի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով: Նա նշեց, որ հաճախ այցելում է Դանուբի աջ ափին վեր խոյացող հայ մշակույթի աննման նմուշ հանդիսացող կոթողին` խաչքարին: