Աննա Գալստյանը կներկայացնի Հայաստանը «Եվրոպական նորարար ուսուցիչների» ֆորումում
«Մայքրոսոֆթ» ընկերության Ինովացիոն կենտրոնում` «Նորարար ուսուցիչներ» ֆորումի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Նորարար ուսուցիչներ» մրցաբաշխության արարողությունը: Թվով երրորդ ֆորումը և նրա ընթացքում անցկացվող մրցանակաբաշխությունն այս տարի իրականացվում է «Վիվասել-ՄՏՍ» ընկերության հետ: Այն կազմակերպվում է ամեն տարի` Մայքրոսոֆթ ընկերության ու Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում: Հոկտեմբերին հայտարարված մրցույթին ներկայացվել էր 41 նախագիծ, որոնցից մրցույթի գնահատման հանձնաժողովն 13-ն է ընտրել:
Մինչև մրցանակաբաշխության արդյունքների հայտնելը, ողջույնի խոսքով հանդես եկավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն, մրցույթի գնահատման հանձնաժողովի նախագահ Արտակ Պողոսյանը: Նա կարևորեց ֆորումի անցկացումը և հույս հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի կրթական ոլորտում նորարարությունների ի հայտ գալուն: Միաժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ այս տարում ֆորումին մեծամասամբ ներկայացվել են ոչ թե նոր նախագծեր, այլ նախորդ մրցույթներում մրցանակային տեղեր զբաղեցրած նախագծերի կրկնօրինակները: «Այդ է պատճառը, որ մենք այս տարի ընդամենը 41 նախագիծ ենք ընդունել», - ասաց նա:
Գլխավոր մրցանակը` մասնակցություն Լիսաբոնում այս տարվա մարտի 19-22-ը կայանալիք «Եվրոպական նորարար ուսուցիչների» ֆորումում` շնորհվեց Աննա Գալստյանին` «Տիեզերքը շատ մոտ է» նախագծի համար: Պատվավոր մրցանակներ շնորհվեցին նաև Սոնա Միսկարյանին, Լյուդմիլա Խաչատրյանին, Վանաձորից` Անուշ Թորոսյանին, ֆորումի մասնակից այլ ուսուցիչներին` Երևանից և մարզերից:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ֆորումի նպատակն է ներկայացնել ուսուցման և դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված այն նորարար տեխնոլոգիաները, որոնք մշակել են ուսուցիչները:
«Այս ֆորումն ամեն տարի մեծ հետաքրքրություն է առաջացնում: Ուրախալի է, որ ֆորումին մասնակցում են ոչ միայն Երևանի, այլև՝ մարզերի ուսուցիչներ: Ֆորումը հիմնականում նվիրված է այն խնդրին, թե ինչքանով են տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործվում կրթական ծրագրերում, քանի որ դրանց կիրառման դերն ու նշանակությունը ցանակացած ոլորտում այն գործիքն է, որը բարձրացնում է արդյունավետությունը»,- ասաց Գ. Բարսեղյանը: Ըստ բանախոսի` ֆորումը միտված է ուղղորդել ուսուցիչներին կրթական ծրագրերում ավելի շատ կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները:
Իր հերթին Վիվասել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց այն, որ նման ֆորումները քաջալերում են նորարար մտածելակերպի նորարար մոտեցումը կրթական ծրագրերում:
«Դրա շնորհիվ մենք կարող ենք ունենալ վստահելի, զարգացած ապագա: Մեր երկրում կա և’ հնարավորություն, և’ ներուժ: Հետևաբար մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի հետ չմնանք այլ երկրներից, քանի որ բազմաթիվ երկրներ թռիչք ապրեցին նման ֆորումներով»,- ասաց տնօրենը:
Նա ընդգծեց, որ այս ամենը, հիմնվելով նորարարական գաղափարների վրա, ուժեղացնում է կրթական հարթակը: «Մեր երիտասարդներին պետք են նման նախաձեռնություններ»,- շեշտեց Ռ.Յիրիկյանը:
Նշենք նաև, որ հայաստանյան մրցույթին մասնակցած բոլոր մասնակիցներն արժանացան ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մայքրոսոֆթ ընկերության պատվոգրերին, իսկ հաղթող նախագծերը` ՎիվաՍել-ՄՏՍ և Մայքրոսոֆթ ընկերությունների կողմից սահմանված մրցանակներին հետևյալ անվանակարգերում՝
Գլխավոր մրցանակ – մասնակցություն «Եվորպական նորարար ուսուցիչներ» ֆորումին, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում, մարտի 19-22, 2012` սահմանված ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Մայքրոսոֆթի կողմից
Առաջին մրցանակ` սահմանված ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից
Երկրորդ մրցանակ` սահմանված ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից
Երրորդ մրցանակ` սահմանված ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից
Հատուկ մրցանակ` սահմանված Մայքրսոֆթ ԱրԷյ ընկերության կողմից
Խրախուսական մրցանակներ` սահմանված ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին